Հինգշաբթի՝ մայիսի 26-ի առաւօտեան, Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եւ Սնկերտ գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում: Սնկերտ գիւղի Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ  գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Այս եկեղեցու պատարագիչ հայրն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Օրւայ առթիւ քարոզը տրւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով: Նա «Գործք առաքելոց» գրքի սկզբնական բաժնում տեղ գտած Քրիստոսի Համբարձման դրւագը բնաբան ունենալով, յատկապէս անդրադարձաւ երկու լուսազգեստներին, ովքեր Քրիստոսի երկինք բարձրանալուց յետոյ, առաքեալներին երեւացին եւ ասացին. «Ով գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին, այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, մի օր դարձեալ կը գայ՝ այնպէս ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»:

Նա իր խօսքի աւարտին յատկապէս ընդգծելով Համբարձման տօնի պատգամն՝ ասաց. «Կը գայ մի օր, երբ մենք պիտի կանգնենք Աստծոյ դատաստանի առջեւ. այդ օրը պէտք է քննւի մեր կեանքի ամբողջ ընթացքը՝ մեր գործերը, խօսքերն ու մտածումները: Ի՞նչ պատասխան ենք տալու: Այն ժամանակ կարո՞ղ ենք ընտրւել ընտրեալների խմբում եւ սրբերի ու հրեշտակների փաղանգին մաս կազմե՞լ: Մեզ է մնում, երբ տակաւին շնչում եւ ապրում ենք, պէտք է կայացնենք որոշումը՝ մեր կեանքի ընթացքը ճշտելու համար: Կամ կը բռնենք մեղքի ճանապարհը՝ դատապարտութեանը հասնելու համար, կամ էլ փոխելով մեր ընթացքը, կընտրենք աստւածահաճոյ ընթացքը եւ կը կանգնենք Քրիստոսի աջ կողմը»:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Սնկերտ գիւղի «Ս. Ստեփանոս» եկեղեցու վարչութեան անդամները եւ ժողովուրդ:

Հոգեպարար արարողութեան աւարտին, դաշտագնացութեան աւանդոյթի համաձայն, հաւատացեալները տօնը նշեցին բնութեան գրկում:

 

  Թղթակից (Նոր Ջուղա)