Երեքշաբթի՝ 2020 թւականի յուլիսի 21-ին, Սպահանի հայոց թեմի Ազգային Առաջնորդարանում Թեմական խորհուրդը հիւրընկալեց Ռուսաստանի դաշնութեան գլխաոր հիւպատոս Բորիս Բուրմիսթրոֆին:

Այս հանդիպմանը, որը «Քովիդ-19» ժահրի պատճառով կայացաւ սահմանափակ թւով մասնակիցներով, երկու կողմերն իրենց մտահոգութիւնը յայտնեցին աշխարհում տարածւած այդ համավարակի վերաբերեալ:

Հանդիպման ընթացքում խօսւեց հայ-ադրբեջանական սահմանային վերջին իրադարձութիւնների մասին եւ Բուրմիսթրոֆը յոյս յայտնեց, որ ինչքան շուտ վերանալու է պատերազմական կացութիւնը եւ խաղաղութիւն է հաստատւելու երկու երկրների միջեւ:

Ռուսաստանի գլխաւոր հիւպատոսը, իր պատրաստակամութիւնը յայտնելով Սպահան-Սանկտ Պետերբուրգ երկու քոյր քաղաքների միջեւ համագործակցութեան զարգացման մասին, նշեց, որ Սպահանը համարւում է Ռուսաստան-Իրան երկու բարեկամ երկրների միջեւ երկկողմ համագործակցութեան մայրաքաղաքը, եւ որ այս քաղաքի հետ գործընկերութիւնը նրանց համար ցանկալի է:

Հանդիպման շարունակութեան ընթացքում, քննարկում ծաւալւեց երկկողմ յարաբերութիւնների եւ համագործակցութեան ընդլայնման վերաբերեալ, յատկապէս առողջապահութեան ոլորտում տիրող ներկայ իրավիճակի եւ «Քովիդ-19» ժահրի տարածումն կանխելու եւ բուժման ուղղութեամբ:

Հանդիպումն աւարտւեց Ս. Ա. Վանքի շրջափակում գտնւող երկու ռուս դեսպանների շիրմաքարերի այցելութեամբ: