Երեքշաբթի՝ ապրիլի 21-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի Սպահանի հայոց թեմի ոգեկոչման յանձնախմբի ինստագրամի «armeniangenocide_nj» էջով, ուղիղ միացմամբ (live) հեռարձակւեց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի պատգամը:

Պրն. Մինասեանն անդրադառնալով ցեղասպանին մինչեւ օրս անպատիժ թողնելու փաստին եւ յատկապէս ընդգծելով, որ նման յանցագործութեան  պատասխանատւութիւն չկրելը նախընթաց է ստեղծելու մարդկութեան դէմ իրականացւող այլ ոճրագործութիւնների համար, յոյս յայտնեց՝ ինչքան շուտ Հայ Դատը գտնի իր արդար լուծումը եւ Թուրքիան ընդունի Հայոց Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը:

Նա իր խօսքի մի այլ բաժնում շեշտելով, որ աշխարհին սպառնացող համաճարակի նկատառումներից ելնելով, թեմի ազգային իշխանութիւնը որոշել է 105-ամեակի ոգեկոչման միջոցառումների մեծ բաժինն իրականացնել համացանցային միջոցներով, աւելացրեց, թէ  105-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ծրագրերը կազմւել են նշւած որոշմանը համաձայն:

Վարուժ Մինասեանն իր ելոյթն աւարտեց շնորհակալական խօսքերով ուղղւած՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանին, թեմի ժողովականութեանն ու ժողովրդին՝ կորոնավիրուսի համաճարակից ստեղծւած դժւարին պայմաններում Թեմական խորհրդի կողքին լինելու առթիւ:


Թղթակից (Նոր Ջուղա)