Կորոնավիրուսի համաճարակի դէմ համատարած պայքարի ուղղութեամբ Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան կողմից կատարւած աշխատանքներին ծանօթանալու համար՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը զրուցել է թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ, ով շեշտելով, որ սոյն համաճարակի տարածման կանխարգելումն այսօր թեմի ազգային մարմինների ժողովների կարեւորագոյն օրակարգերից է դարձել, հաղորդեց, թէ թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների համատեղ նիստում մի շարք որոշումներ են կայացւել համաճարակի դէմն առնելու ուղղութեամբ, որոնք իրագործւել են։

Պրն. Մինասեանը տեղեկացնելով, որ թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Կրօնական խորհրդի որոշմամբ երկշաբաթեայ ժամկէտով առկախւել են կրօնական բոլոր արարողութիւնները, բացատրեց նաեւ այս ուղղութեամբ ազգային Առաջնորդարանի կատարած աշխատանքների մասին, հետեւեալ կարգով.

Հականեխւել են Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներն ու հայոց ազգային դպրոցների, ինչպէս նաեւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ու նոյն միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիների տարածքները, իսկ ամենօրեայ յաճախականութեամբ շարունակ հականեխւում են ազգային Առաջնորդարանի՝ Ս. Ամենափրկիչ վանքի ամբողջ բաժինները։

Խորհրդակցութիւններ են տեղի ունեցել Առաջնորդարանի բոլոր պաշտօնեաների հետ՝ առողջապահութեան մակարդակի բարձրացման ուղղութեամբ եւ հերթափոխներ նշանակելով նւազեցւել է նշւած պաշտօնեաների ներկայութիւնը Առաջնորդարանում։

Կրճատւել են ազգային Առաջնորդարանի գրասենեակային բաժին աշխատանքային եւ Ս. Ա. Վանքի թանգարանի ու եկեղեցու այցելութեան ժամերը։

Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Կրօնական խորհրդի որոշմամբ երկշաբաթեայ ժամկէտով առկախւել են կրօնական բոլոր արարողութիւնները։

Թեմական խորհուրդը հանդիպում է ունեցել թեմի Բարեսիրական մարմնի, ինչպէս նաեւ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան ու Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութիւնների ներկայացուցիչների հետ, ուր քննարկւել են կորոնավիրուսի համաճարակի դէմ պայքարի հարցում կենցաղային ոչ-բարենպաստ պայմաններ ունեցող թեմի կարիքաւոր ընտանիքներին օժանդակելու եղանակները եւ արդիւնքում որոշւել՝ պատրաստել պաշտպանողական դիմակների եւ հականեխիչ նիւթերի պարունակութեամբ առողջապահական փաթեթներ՝ նշւած ընտանիքներին տրամադրելու համար։

Կապ հաստատելով «Կարմիր մահիկ» կազմակերպութեան կենտրոնի հետ՝ դասաւորութիւններ են տրւել պաշտօնեաների համար առողջապահական դասընթացներ կազմակերպելու, ինչպէս նաեւ հականեխման նիւթեր եւ անհարժեշտ մի շարք այլ պարագաներ ստանալու ուղղութեամբ։ Առողջապահական դասընթացներին մասնակցելու են նաեւ միութիւնների ներկայացուցիչները։

Հայոց դպրոցների աշակերտութեան ուսման բնականոն ընթացքը չխախտւելու նպատակով՝ Կրթական խորհրդի եւ դպրոցների տեսչութիւնների հետ խամախորհուրդ կարգադրութիւններ են կատարւել եւ արդէն ընթացքի մէջ է համացանցի միջոցով սաներին դասաւանդելու աշխատանքը։

 

Թղթակից (Նոր Ջուղա)