Կիրակի, 2020 թւականի փետրւարի 16-ին, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, նախագահութեամբ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ սրբոց Ղեւոնդեանց քահանաների ու քահանայութեան տօնի առթիւ: 

Պատարագին մասնակցում էին թեմի քահանայից ու դպրաց դասերը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ:

Պատարագիչ քահանայ հայրն օրւայ պատշաճ իր քարոզն սկսեց բնաբան ունենալով՝ «Մի՛ վախեցէք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցէ՛ք նրանից, ովքեր կարող են թէ՛ հոգին եւ թէ՛ մարմինը կորստեան մատնել դժոխքում» աւետարանական հատւածը, ապա անդրադարձաւ Ղեւոնդեանց քահանաների ամուր հաւատին, Վարդանանց պատերազմի ընթացքում կատարած քաջագործութիւններին, ինչպէս նաեւ յետագային նրանց դաժանաբար սպանութեանը: Նա իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց, որ հոգեւորականը եթէ ցանկանում է աստւածահաճոյ կեանք ապրել, պէտք է լինի խոնարհ, ազնիւ ու ժողովրդի նկատմամբ սիրով լցւած եւ ժողովրդի կեանքն ու ընդհանրական շահերը վեր դասի իր անձնականից:

Ս. Պատարագի աւարտին հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց՝ բոլոր ննջեցեալ հոգեւոր հայրերի՝ ի մասնաւորի «Ս. Ստեփանոս» եկեղեցում ծառայութիւն մատուցած հոգեւորականների հոգիների խաղաղութեան համար:

Արարողութիւնից յետոյ, եկեղեցու սրահում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, ուր նոյն վարչութեան անունից օրւայ խօսքն ընթերցեց Լիդա Սիմոնեանը, իսկ աւարտին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդը: Սրբազան Հայրը տօնի առթիւ շնորհաւորական եւ Պատարագի իրականացման գործում դերակատարներին ուղղւած շնորհակալական խօսքերով եզրափակեց հանդիսութիւնը: Նա բարձր գնահատելով պատարագիչ քահանայ հօր քարոզում ընդգծւած քահանաների դերը եւ նրանց ուղղւած կոչը՝ աստւածահաճոյ կեանք ապերլու կապակցութեամբ, գոհունակութեամբ արտայայտւեց թեմիս հոգեւորականաց եւ դպրաց դասերի գործունէութեան եւ կեցւածքի մասին:

Թղթակից (Նոր Ջուղա)