Աստղագիտութեան համաշխարհային շաբաթւայ մեկնարկը տրւեց երկուշաբթի՝ ապրիլի 24-ին. այս շրջագծում Իրանի աստղագիտութեան ասոցացիայի նախաձեռնութեամբ նշւած շաբաթւայ չորորդ օրը հինգշաբթի՝ ապրիլի 27-ը, անւանակոչւել էր Իրանում առաջին կին աստղա-ֆիզիկոս եւ աստղագիտութեան մայր, ինչպէս նաեւ Իրանի առաջին արեւային աստղադիտարանի հիմնադիր Ալենուշ Տէրեանի անւամբ: Առիթը պատեհ համարելով «Ադիբ» աստղագիտութեան կենտրոնի առաջարկով եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ու Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի համագործակցութեամբ, հռչակաւոր հայուհու անւամբ անւանակոչւած օրը, հայոց ազգ. կրթահամալիրի համանուն դահլիճում իրականացւեց բանախօսական միջոցառում, որին ներկայ էին Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի Կրթադաստիարակչութեան գերատեսչութեան եւ 3-րդ շրջանի հիմնարկի պատւիրակութիւնը, ազգային մարմինների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, «Քանանեան-Կատարինեան» դպրոցի աշակերտները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:

Սկզբում ուսուցչուհի Սիւնէ Մինասեանը անդրադարձաւ աստղա-ֆիզիկոս Ալենուշ Տէրեանի կենսագրականին՝ ի մասնաւորի ընդգծելով գիտական ոլորտում նրա նւաճումներն ու ձեռքբերումները:

Այնուհետեւ աստղագիտութեան եւ Սպահանի մեծարման շաբաթների համընկման առիթով աշակերտուհի Էմիլի Նաւասարդեանը դաշնամուրով կատարեց Կոմիտասի «Կաքաւիկ»-ը: Շարունակութեան մէջ աշակերտներ՝ Արէն Մարկոսեանն ու Դանիթա Ղազարեանը միասնաբար ելոյթ ունեցան՝ «Քարահունջից Թեհրան» խորագրով, որտեղ անդրադարձ կատարեցին մարդկութեան պատմութեան առաջին աստղադիտարան Քարահունջին եւ Թեհրանում Ալենուշ Տէրեանի հիմնադրած՝ Իրանի առաջին արեւային աստղադիտարանին:

Սփռւեց Ալենուշ Տէրեանի կեանքին ու գործունէութեանն անդրադարձող վաւերագրական «Սույէ խոռշիդ» (թարգմանաբար՝ «Դէպի արեւ») ֆիլմը:

Այնուհտեւ պրն. Մոռադին բանախօսական նիւթ ծաւալեց «Տիեզերքի ճակատագիրը» խորագրով, որտեղ անդրադարձ ունեցաւ տիեզերքի ստեղծմանը մինչեւ աստղագիտութեան ոլորտին առնչւող մի շարք նոր գիւտերին եւ ձեռքբերումներին:

Թղթակից (Նոր Ջուղա)