Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի, ուրբաթ՝ ապրիլի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ժողովրդական հանդիպում տեղի ունեցաւ՝ դասախօսութեամբ Հայաստանից հրաւիրւած ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանի եւ քաղաքագէտ,  Ադրբեջանի հարցերի փորձագէտ Անժելա Էլիբեգովաի:

Առաջին զեկուցաբերը՝ Ասպրամ Կրպէյեանը, ելոյթ ունեցաւ «Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ տարածաշրջանային մարտահրաւէրները» նիւթի շուրջ: Նա անդրադառնալով հայրենիքի գոյութիւնը սպառնացող առկայ վտանգներին, յատկապէս շեշտեց, որ Արցախը կորցնելով, ոչ միայն վտանգի տակ ենք դնելու Հայաստանը, այլ նաեւ կորցնելու ենք Հայաստանը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորն իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, որ ժողովուրդը ոչ թէ չի հասկանում իրավիճակի լրջութիւնը, այլ մոլորւած է, աւելացրեց. «Ինձ համար միշտ ուղեցոյց է եղել Արամ Մանուկեանի այն պատգամը, որտեղ ասւած է՝ «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին, թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Հիմա էլ նոյն կարգավիճակում ենք եւ մեր փրկութեան միակ գրաւականը մեր միասնականութիւնն է: Պարտադիր չէ համաձայն լինել բոլոր հարցերի շուրջ. պարզապէս պէտք է միայն սրբազան երդում տալ, որ հաւատարիմ ենք մէկ գաղափարի եւ դա՝ հայկական պետականութեան գոյութիւնն է»:

Նա իր խօսքի աւարտին ընդգծելով, որ հայ ժողովրդի յաղթանակը կը կերտւի միայն եռամիասնութեան շնորհիւ, կոչ արեց՝ Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը վերամիաւորւեն՝ յանուն յաւերժական Հայաստանի:

Անժելա Էլիբեգովան դասախօսեց «Ադրբեջանի քաղաքականութիւնը եւ գործողութիւնները՝ Հայաստանի, Արցախի եւ Իրանի դէմ, 44-օրեայ պատերազմից յետոյ» խորագրով: Նա սկզբում մատնանշելով, որ Ադրբեջանում, բոլոր ոլորտներում, սերմանւում է հայատեացութիւնը եւ ձեւաւորւում է հային թշնամի լինելու տեսակը, աւելացրեց, որ այդ քաղաքականութեամբ Ադրբեջանի պետութիւնը կարողանում է նաեւ քողարկել իր ներքին խնդիրները եւ շեղել իր սեփական ժողովրդին:

Տկն. Էլիբեգովան խօսելով Ադրբեջանի կողմից հայերի ինտեգրման քաղաքականութեան մասին, որի պարզ դրսեւորումը Լաչինի միջանցքի փակելն է, աւելացրեց, թէ Ադրբեջանը արցախահայութեան առջեւ է դրել երկընտրանք՝ նրանք կամ կը լքեն Արցախը, կամ դառնալով Ադրբեջանի քաղաքացի կստանան համապատասխան  անձնագիր, չնայած, որ Ադրբեջանը ցանկանում է Արցախն ստանալ առանց հայ բնակչութեան: Նա յաւելեց. «Արցախահայութիւնը, 1990-ականներից յետոյ, միշտ համոզւած է եղել, որ Հայաստանը իր թիկունքում է եւ պաշտպանելու է իր շահերը, սակայն ցաւօք Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները՝ խաղաղութեան անւան ներքոյ եւ Ադրբեջանի նկրտումների դիմաց առանց որեւէ դիմադրութեան, գնում են միակողմանի զիջումների»։

Որպէս նոյնքան կարեւոր հարց, դասախօսն անդրադարձ կատարեց Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագրին, որի քարոզչական, քաղաքական եւ դիւանագիտական աշխատանքն արդէն սկսւել է, իսկ ռազմական ու տնտեսական աշխատանքն նախապատրաստական փուլում է։

Խօսելով Զանգեզուրի միջանցքի մասին, ադրբեջանագէտն ընդգծեց հայ ժողովրդի շահերին համընկնող Իրանի դիրքորոշումը, շեշտելով, որ Իրանի համար եւս կարմիր գիծ է Զանգեզուրի միջանցքը եւ սահմանների փոփոխութիւնը։

«Չնայած դժւար է պատկերացնել ինչ է կարելի անել այս իրավիճակից դուրս գալու համար, բայց եւ այնպէս միակ յոյսը ազգային իշխանութիւն ձեւաւորելն է», Անժելա Էլիբեգովան այսպէս եզրափակեց իր ելոյթը։

Երեկոն վարեց Միգանոշ Տէր-Մարտիրոսեանը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, քահանայից դասը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թեմի ազգային մարմինների, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը:

Թղթակից (Նոր Ջուղա)