40-օրեայ մանուկ Յիսուսի տաճարին ընծայման տօնի՝ Տեառնընդառաջի նախօրէին՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ», «Ս. Մինաս» եւ «Ս. Ստեփանոս» եկեղեցիներում տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ աւանդական խարոյկի հրավառութիւնը:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութիւնն իրականացրեց Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Ընթացքում ներկայ հաւատացեալներին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով մանուկների տաճար ընծայելու խորհրդին՝ ասաց, թէ այդ օրէնքը հաստատւել է որպէսզի նորածինն իր կեանքում առաջին այցելութիւնը կատարի Աստծուն եւ Քրիստոսին: Սրբազան Հայրը մատնանշելով ծնողների պարտականութիւնը զաւակների նկատմամբ՝ յորդորեց, որ զաւակներին տրւող հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեան կողքին, պէտք է կարեւորութիւն տրւի  նաեւ եկեղեցի յաճախելու դաստիարակութեանը եւ ինչպէս ծնողները նրանց փոքր ժամանակ տաճար են ընծայում, նոյնպէս էլ պէտք է ապագայում նրանց մօտ յաճախակի դարձնեն եկեղեցի եւ Կիրակնօրեայ վարժարաններ կատարւող այցելութիւնները՝ մատաղ սերնդի քրիստոնէական դաստիարակութիւնը լիարժէք դարձնելու համար:

Աւարտին եկեղեցու բակում, պատկան թաղի նորապսակ զոյգերի միջոցով, եկեղեցու Ս. Խորանից վառւած կրակով բոցավառւեց աւանդական խարոյկը՝ որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:

Թղթակից (Նոր Ջուղա)