Ադրբեջանի վարած քաղաքականութեան, Հարաւային Կովկասում առկայ իրավիճակի եւ Հայաստանի կարեւորութեան մասին Իրանի հասարակական կարծիքը վերջին ամիսներին փոփոխութեան է ենթարկւել: Factor.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բէգլարեանը` յիշատակելով, որ անգամ այնպիսի իրավիճակ ստեղծւեց, որ Իրանն իր զօրքերը տեղակայեց Ադրբեջանի հետ սահմանին:

«Երկուստեք ԶԼՄ-ներն անընդհատ միմեանց թիրախաւորում էին: Տարածաշրջանային խնդիրները մէկ ամսից աւելի Իրանի հասարակութեան ուշադրութեան կենտրոնում էին, եւ անկախ նրանից, որ հիմա իրանական ԶԼՄ-ների ուշադրութիւնը թեմայի նկատմամբ փոքր-ինչ նւազել է, ամէն դէպքում, երկրի ղեկավարութիւնն ուշի-ուշով հետեւում է Ադրբեջանի քայլերին»,- նշեց նա:

Ըստ Ռոբերտ Բէգլարեանի` Ադրբեջանը կամ Թուրքիան գուցէ փորձեն Իրանին «տնտեսական խայծ» առաջարկել:

«Արդէն մնում է հասկանալ, թէ Իրանը, իր քաղաքական շահերից ելնելով, որքան կանգուն կը մնայ իր դիրքերում: Կարծում եմ` այդպէս կը լինի: Սա մի ընթացք է, որ բոլորս էլ գիտենք, քաղաքական, դիւանագիտական աշխարհում լինում է: Պարզապէս տրամաբանական կը լինի, որ Իրանը փորձի իր այլընտրանքային հնարաւորութիւնները հաշւի առնել, մասնաւորապէս` տարանցիկ, էներգետիկ ծրագրերում, եւ կարեւորել Հայաստանի դերը»,- յաւելեց պատգամաւորը:

Նրա խօսքով` Հայաստանի եւ Իրանի դեսպանատներն աշխատում են փոխշահաւէտ ծրագրերն առաջ տանելու ուղղութեամբ․«Խօսքս, մանաւորապէս, վերաբերում է ենթակառուցւածքերի զարգացման համար ներդրումներ անելուն: Այս հարցերը կարօտ են անընդհատ մոնիթորիգ անելու եւ անընդհատ օրակարգում պահելու: Դրա համար կարիք կայ, որ երկու երկրների դիւանագիտութիւնը լաւ աշխատի»:

Անդրադառնալով իրանական կողմից հնչող յայտարարութիւններին` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն աջակցելու շուրջ, Ռոբերտ Բէգլարեանը նշեց, որ դա կախւած է մի շարք հանգամանքներից:

«Նախ` դա կախւած է նրանից, թէ Հայաստանն ինչպէս կը բանակցի, ինչ հնարաւորութիւններ կը ստեղծի դրա համար: Նաեւ կարեւոր գործօն է Ռուսաստանը, թէ Մոսկւան ինչպէս կը վերաբերի Թեհրանի մասնակցութեանը: Եթէ անգամ Իրանն իր մասնակցութիւնը չունենայ գործընթացներում, պէտք է ասել, որ նրա համար կարեւոր է, որ իր սահմանները չխաթարւեն: Նաեւ պէտք է ասել, որ բացի դրանից` Իրանի համար ցանկալի է, որ իր ներկայութիւնը Սիւնիքում երաշխաւորուի, ինչը նպաստաւոր է նաեւ Հայաստանի անվտանգութեան համար: Դա արդէն այլ կարգի ռազմավարական մօտեցման եւ բանակցութիւնների կարիք ունի»,- նշեց նա:

Ռոբերտ Բէգլարեանի խօսքով` Իրանի մասնակցութիւնը տարածաշրջանում հնարաւոր զարգացումներին կարող է Հայաստանի համար նպաստաւոր լինել: Նա, սակայն, նկատեց, որ Հայաստանում դրան վերապահումով են վերաբերում` գուցէ մտածելով, որ ինչ-որ մի պահի իրանական կողմը կարող է Թուրքիայի կամ Ադրբեջանի ճնշման արդիւնքում ընդունել Թուրքիայի ազդեցութեան մեծացումը:

Ինչ վերաբերում է նրան, թէ իրականում ինչ է ցանկանում Իրանը` անմիջական մասնակից դառնալ գործընթացում, թէ՞ հետեւել կողքից, մինչեւ իրեն անմիջապէս վտանգ սպառնայ, ապա, ըստ Ռոբերտ Բէգլարեանի, վերջին իրադարձութիւնները Իրանին ցոյց տւեցին, որ չպէտք է դիտորդի կարգավիճակ ընդունել:

«Իրանն իր ներկայութիւնն ունի տարբեր տարածաշրջաններում, մասնակցութիւն է ունենում տարբեր հակամարտութիւններում: Իսկ երբ տեսանք վերջին տարւայ ընթացքում Թուրքիայի ներկայութիւնը Հարաւային Կովկասում` Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հասկացանք, որ Միջին Արեւելքը եւ Հարաւային Կովկասն իրար շաղկապւած են եւ կրում են միմեանց ազդեցութիւնը: Այնպէս որ` ես այն կարծիքին եմ, որ Իրանը չի կարող միայն դիտորդի կարգավիճակով լինել Կովկասում»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա յաւելեց, որ ստեղծւած իրավիճակը պահանջում է, որ Իրանն աւելի լրջօրէն մօտենայ տարածաշրջանի հարցերին:

«Միւս կողմից` Սիրիան, Լիբանանը, Եմենը եւ այլ տարածաշրջանային խնդիրներ կան, որտեղ ներգրաււած է Իրանը: Եղած սպառնալիքները պահանջում են, որ Իրանը լրջօրէն վերանայի եւ վերամշակի իր անվտանգային պարադիգման»,- ընդգծեց պատգամաւորը:

Նա կարծիք յայտնեց, որ Իրանը կը կարողանայ ստեղծւած իրավիճակում դիմագրաւել սպառնալինքներին, քանի որ արդէն 4 տասնամեակի փորձ ունի նման հարցերում:

«Պարզապէս հիմա սպառնալիքների մասշտաբներն են մեծ, այստեղ իրադարձութիւնները շատ արագ են զարգանում: Դրան դիմագրաւելու ճանապարհին պէտք են լուրջ մօտեցումներ: Այս ընթացքում պէտք է հայկական եւ իրանական կողմերը յստակ հասկանան` ինչպէս կարող են համագործակցել»,- եզրափակեց իրանահայ պատգամաւորը:

Հռիփսիմէ Յովհաննիսեան