Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետութեան 30-ամեակի կապակցութեամբ շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում առողջութիւն, տոկունութիւն եւ երջանկութիւն:

Հայ ժողովրդի հազարամեայ պատմութիւնն ունեցել է փառահեղ վերելքների եւ ցաւալի անկումների ժամանակաշրջաններ:

Անցած երեք տասնամեակների ընթացքում եւս ունեցել ենք եւ՛ ձեռքբերումներ, եւ՛ անյաջողութիւններ:

Այսօր մեր ժողովուրդը մեծ ցաւ է ապրում 44-օրեայ պատերազմի հետեւանքով ունեցած մեծ կորուստների, իր հերոս զաւակների նահատակութեան, բազմաթիւ խեղւած եւ գերեվարւած զինուորների համար, սակայն պատրաստ է զօրավիգ լինել իր պետութեան անկախութեան եւ անվտանգութեան ամրապնդման, զարգացման եւ շէնացման գործին:

Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ այսուհետ եւս հետամուտ է լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացմանը:

Հայաստանի համար կարեւոր է տարածաշրջանում համագործակցային եւ կառուցողական միջավայրի ձեւաւորումը, խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովմանը միտւած միջազգային քաղաքական գործընթացների ակտիւացումը: Այս իմաստով Հայաստանի Հանրապետութիւնն առաջնահերթ է համարում արտաքին քաղաքական գործընկերների հետ արդիւնաւէտ յարաբերութիւնների զարգացումը, որի կարեւոր բաղադրիչներից մէկը Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ համակողմանի համագործակցութեան խորացումն է:

Հայաստանի, Արցախի եւ ողջ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրներից մէկը Սփիւռքի ներուժի արդիւնաւէտ օգտագործումն է, սփիւռքահայութեան բոլոր համայնքների եւ անհատների ներգրաւումը Հայրենիքի հզօրացման գործում:

Այժմ աւելի քան երբեւէ այժմէական է Հայաստանում, Արցախում եւ ողջ սփիւռքում միասնականութեան եւ համագործակցութեան մթնոլորտի ձեւաւորումը, ապագայի նկատմամբ պատասխանատւութեան եւ լաւատեսութեան տրամադրութիւնների արմատաւորումը:

 

Բարին ընդ ձեզ: