Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթն անդրադարձել է Թուրքիայի երկու գիւղերում տեղի ունեցած մի ուշագրաւ իրադարձութեան մասին. պետութիւնը դատի է տալիս գիւղացիներին, ասելով, որ նրանց` 75 տարի շարունակ օգտագործած տարածքները հայերի կողմից լքւած հողամասեր են, եւ այդ տեսակի «անհետացած անձերի» հողատարածքներն իբրեւ «լքեալ գոյք» պատկանում են պետական գանձարանին: Civilnet-ը յօդւածը թարգմանաբար ներկայացնում է ստորեւ.

Այն ժամանակ, երբ Կալւածների գրանցումների վարչութեան արխիւներում շարունակւում են գաղտնի պահւել նախկին հայապատկան գոյքի եւ հողատարածքների մասին տեղեկութիւնները, Պետական Գանձարանի վարչութիւնը շարունակում է վերոնշեալ կալւածները սեփականացնելու գործընթացը:

Ստամբուլի ջրի մատակարարման խնդիրը լուծելու համար Մելեն գետից ջուր փոխադրելու ծրագրով պետութիւնը դատ բացեց Սաքարիայ նահանգի Քոջաալի գաւառի Աչմապաշը եւ Քարափելիթ գիւղերի բնակիչների դէմ: Պետական գանձարանն իր հայցագրում նշում է, որ գիւղացիների` 75 տարի շարունակ օգտագործած տարածքները հայերի կողմից լքւած հողամասեր են, եւ այդ տեսակի «անհետացած անձերի» հողատարածքները, որպէս «լքեալ գոյք», պատկանում են պետական գանձարանին: Պետական գանձարանը մինչեւ այժմ շահել է գիւղացիների դէմ բացած բոլոր դատերը: Իրաւաբանները պնդում են, որ դատարանի վճիռը յառաջիկային կարող է օրինակ ծառայել հայերի եւ յոյների համար, որոնք կարող են հայց ներկայացնել իրենց սեփական գոյքի համար:

Քոջաալիի Հողագործների պալատի նախագահ Թամեր Թունջանը, որ հանդիպում է ունեցել Ազգային կալւածների վարչութեան պաշտօնեաների հետ, յայտնում է, որ պետական գանձարանը, պատրւակ բռնելով գիւղացիներին կալւածագրեր տրամադրելու ժամանակ եղած սխալները, պահանջում է չեղեալ համարել այդ կալւածագրերը: Ազգային կալւածների վարչութեան պաշտօնեաներն ասում են. «Այս տարածքի վրայ ջրամբար է կառուցւելու եւ պետութիւնը չի կարող գնել արդէն իրեն պատկանող տարածքը: Կալւածագրերը կան, սակայն դրանք արդէն պետութեան են պատկանում: Իրականութեան մէջ այս հողերը հայերից են մնացել»:

Աչմաբաշըի գիւղապետ Ալիմ Եոշգեորը տեղեկացնում է, որ գիւղացիները 50 կալւածագրերից 28-ի համար դատ են բացել եւ նրանցից 13-ի արձանագրումը չեղեալ է համարւել: Այնուհետեւ գիւղապետն ասում է. «Հայերը լքել են այս տարածքները, որից յետոյ` 1938 թւականին, պետութիւնը վերոնշեալ հողերն արձանագրել է իր վրայ»:

Եոշգեըրն ասում է, որ գանձարանը հայց ներկայացնելու ժամանակ շեշտում է «անհետացած անձ» հասկացութիւնը, սակայն «գոյքը պատկանում է հայերին. մենք հայեր չենք, չնայած դրան` պետական գանձարանը մեր դէմ գործ է յարուցել: Բացի այդ` պետութիւնը չեղեալ է համարում բոլոր կալւածագրերը: Անքարայում` Ազգային կալւածների վարչութիւնից, մեզ ասում են, որ դատը կորցնելու էք, սակայն եթէ պետութեան որոշման մէջ թերութիւն լինի, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանից փոխհատուցում կը ստանաք»: