Հոկտեմբերի 7-ին, Սպահանի Ազատ Համալսարանի դասախօս, երկրաբան դոկտ. Վաչիկ Հայրապետեանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտութիւնների ինստիտուտի 90-ամեակի առիթով պարգեւատրւել է ոսկէ մեդալով՝ ի գնահատում վերջին տարիներին իրականացրած համատեղ հետազօտութիւնների եւ Երկրաբանական ինստիտուտի գիտական մակարդակի բարձրացման ուղղութեամբ ցուցաբերած անխոնջ համագործակցութեան:
Մեդալը տրւել է ինստիտուտի տնօրէն Խաչատուր Մելիքսեթեանի կողմից:
Վաչիկ Հայրապետեանը իրանական 2003 թւականից ցայսօր, որպէս դասախօս աշխատում է Սպահանի Ազատ համալսարանում եւ ոչ միայն հեղինակն է բազմաթիւ գիտական յօդւածների, այլ նաեւ իրականացրել է մեծ թւով գիտահետազօտական աշխատանքներ:
Նա աւելի քան 20 տարի է, ինչ ակտիւ մասնակցում է ազգային աշխատանքներում եւ այժմ Թեմական խորհրդի ատենապետն է:
Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները ի սրտէ շնորհաւորում են Դոկտ. Հայրապետեանին իր յաջողութեան համար եւ նորանոր ձեռքբերումներ ցանկանում նրան:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապի Գրասենակ