Աղբիւր՝ www.hyeli.com

 

«Հայելի»-ի զրուցակիցն է իրանահայ երիտասարդ Արգին Ղահրամանեանը: Մեր զրոյցի թեման նրա նախասիրութիւնն է:

Նա 22 տարեկան է, ստացել է անգլերէն լեզւի վկայական Անգլիայի «Նոթինգհամ» համալսարանից: Օդաչուական դասընթացներ է անցկացրել «Ֆըլայ Դուբայ» աւիա-ընկերութիւնում, իսկ այժմ սովորում է «Աւիացոն ուսումնական կենտրոն»-ում (مرکز آموزش خلبانی):

Արգինից խնդրեցի բացատրել նշւած ուսումնական կենտրոնի մասին, որին ի պատասխան նա ասաց, թէ ով ցանկանում է օդաչու դառնալ, նախ պէտք է ուսանի հերթականութեամբ 3 դասընթացներ՝ «ՓիՓիԷլ», «ՍիՓիԷլ» եւ «ԱյԱր», որից յետոյ միայն կարող է ստանալ վկայական՝ «Երկրի օդաչուական կազմակերպութիւն»-ից (سازمان هواپیمایی کشور): Սոյն շրջանը ըստ ուսանողի կարողութիւնների մօտաւորապէս տեւում է երկուսից երեք տարի:

Վերը նշած դասընթացները բաւարար չէ օդաչու դառնալու համար: Արգինը բացատրեց, որ մարդատար օդանաւների օդաչու դառնալու համար հարկաւոր է յաճախել ցանկացած օդանաւի մասնագիտական դասընթացները՝ «ԷյԹիՓիԷլ»-ը, սակայն նախ հարկաւոր է օդանաւով թռչել 1500 ժամ, որից յետոյ անձը թոյլտւութիւն կստանայ մասնակցելու մասնագիտական դասընթացների, որի աւարտին արդէն կարող է ստանալ օդաչուի վկայականը եւ վարել մարդատար օդանաւներ:

Այն հարցիս, թէ որո՞նք են այս մասնագիտութիւնն ստանալու պայմանները, Արգինը բացատրեց. «Այս կենտրոն կարող են մուտք գործել 18-ից վեր աղջիկներ ու տղաներ, տղաները հարկաւոր է արդէն ծառայած լինեն բանակում, կամ ունենան բանակում չծառայելու թոյլտւութիւն (معافیت سربازی), նաեւ հարկաւոր է առողջական վկայագիր, որը պէտք է վերանորոգել իւրաքանչիւր տարի»:

Արգինը անդրադառնալով նիւթական բաժնին յաւելեց, որ ուսման ընթացքում՝ ներառեալ վերը նշւած երեք սկզբնական դասընթացները, հիմնական ծախսերը վերաբերում են փորձնական թռիչքներ իրականացմանը:

Իսկ այն հարցին թէ արդեօ՞ք շատ են Իրանում նորամուտ օդաչուների աշխատելու առիթները, Արգինը պատասխանեց. «Առայժմ ոչ, սահմանափակ է: Սակայն բոլորն էլ յոյս ունեն, թէ շուտով Իրան է ներմուծւելու նոր օդանաւներ, որոնք առաջացնելու են աշխատանքային նոր առիթներ»:

Արդեօ՞ք հայ լինելը ազդում է արտաքին թռիչքների թոյլտւութիւն ստանալու հարցին, զրուցակիցս այսպէս պատասխանեց. «Իմ նկատմամբ որպէս հայ շատ լաւ ու յարգալից վերաբերմունք կայ, իսկ արտաքին ու ներքին թռիչքները միայն պայմանաւորւած են նրանով, թէ օդաչուն ինչ տեսակ օդանաւ վարելու համար է մասնագիտացւած եւ որ աւիաընկերութիւնում է աշխատում»:

Շարունակելով զրոյցը Արգինը շեշտեց, թէ սոյն մասնագիտութեան մէջ կարեւոր դեր ունի անգլերէնի իմացութիւնը: Քանի որ ճիւղի հիմնադիրները ամերիկացի եւ անգլիացի մասնագէտներն են, հետեւաբար լաւագոյն գրքերը գրւած են անգլերէնով:

Իրանահայ երիտասարդը վարել է օդանաւ՝ օդաչուի եւ նրա օգնականի դերում, առայժմ չի աշխատում եւ շարունակում է ուսումը:

Հարցիս թէ ի՞նչ է զգում օդանաւը վարելիս Արգինը պատասխանեց. «Օդանաւում եւս, ինչպէս մարդու միջոցով պատրաստւած ցանկացած մեքենայ, կարող է առաջանալ խնդիրներ, բայց պէտք չէ վտանգը վերածել վախի, այլ պէտք է այն ընդունել, որպէս տագնապի ախտանշան»:

«Օդաչուն պէտք է վստահի իր սեփական ուժերին, բայց պէտք չէ դա վերածւի եսասիրութեան: Մենք սովորում ենք, թէ ինչպէս պէտք է վարւել եւ ինչ որոշումներ պէտք է կայացնել արտակարգ իրավիճակներում, որոնք նաեւ կարող են վճռական դեր ունենալ:

Թռիչքը իր էութեամբ անբացատրելի զգացմունք է՝ ուրախութիւն, սէր, ազատութիւն, հպարտութիւն եւ նոյնիսկ զարմանք: 10678 մետր բարձրութիւնից գետինը, ամպերը, արեւածագը,... այլ տեսք ունեն»,- պատմում է Արգինը:

Եզրափակելով զրոյցը նա յաւելեց. «Կարծում եմ ցանկացած օդաչուի համար ամենակարեւորը սէրն է թռիչքի հանդէպ, իսկ դրա կողքին կայ նաեւ սէրը հանդէպ ինքնաթիռը: Նախընտրում եմ աշխատել այն աւիաընկերութիւնում, որտեղ կարող եմ թռիչք կատարել «Բուինգ 777» օդանաւներով, որը դժբախտաբար առայժմ Իրանում չկայ, նաեւ ցանկութիւն ունեմ լինել սոյն օդանաւի փորձարկիչ օդաչուն»:

Արգինը սոյն մասնագիտութեան վերաբերեալ մեզ տրամադրեց այս յաւելեալ տեղեկութիւնները:

«ՓիՓիԷլ»՝ Փըրայւըթ Փայլըթ Լայսընս (خلبانی هواپیمای شخصی)

«ՍիՓիԷլ»՝ Քամերշիեալ Փայլըթ Լայսընս. այս փուլում արդէն հնարաւորութիւն կայ թռիչք կատարելու, սակայն հիմնականում չեն թոյլատրում, քանի որ գիշերային եւ վատ եղանակային պայմանների թռիչքների արտօնութիւնը դեռ չկայ:

«ԱյԱր»՝ Ինսթրիւմենթ Րէյթինգ. սոյն փուլում ուսանողը սովորում է, թէ գիշերւայ ընթացքում ու նաեւ եղանակային վատ պայմաններում, ինչպէս կարելի է կայարանների նշաններից օգտւելով անվտանգ թռիչք կատարել:

«ԷյԹիՓիԷլ»՝ Էյրլայն Թըրանսփորթ Փայլըթ Լայսըսն. մարդատար օդանաւների կապիտան լինելու համար հարկաւոր է սոյն վկայականը:

«ՓիՓիԷլ», «ՍիՓիԷլ» եւ «ԱյԱր»-ի վկայականը ստանալու համար հարկաւոր է 160 ժամ փորձնական թռիչք կատարել, որի ծախսը մօտաւորապէս կազմում է 90-100 միլիոն թուման: Այս շրջանում նաեւ հարկաւոր են մի շարք կողմնակի իրեր, որոնց ծախսը կազմում է 5 միլիոն, իսկ 10-12 միլիոն նաեւ պէտք է վճարել «Գըրաունդ Ըսքուլ»-ին:

Ըստ վերում բացատրածների՝ եթէ օդանաւի քաշը գերազանցի 5700 կիլոգրամը, ապա պէտք է ուսանել մասնագիտացւած դասընթացները, որը մօտաւոր կազմում է 90-ից 100 միլիոն թուման (30.000 ԱՄՆ դոլար): Սոյն վկայականը պէտք է ստանալ արտերկրում:

Փորձարկիչ օդաչուն այն անձն է, որ օդանաւի պատրաստման գործընթացի աւարտին առաջին անգամ դրանով թռիչք է կատարում եւ խնդիրներ չծագելու պարագային օդանաւը վաճառքի է հանւում: