Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թուրք պատմաբան Ումիդ Քիւրդը եւ լրագրող Ալեւ Էր Փարիզին «Նուբարեան» գրադարանում կատարւող ուսումնասիրութիւնների ընթացքում յայտնաբերել են Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ցարդ չհրապարակւած մի փաստաթուղթ, որի հեղինակն է գրող Զաբէլ Եսայեանը: Վերջինիս պատրաստած 11 էջանոց փաստաթուղթը պատմում է 1915-ին եւ դրանից յետոյ հայ կանանց հետ պատահած մի շարք դէպքերի մանրամասնութիւնները:

Եսայեանը վերոնշեալ փաստաթուղթը ներկայացրել է Փարիզի խորհրդաժողովին մասնակցած հայկական պատւիրակութեան ներկայացուցիչ Պօղոս Նուբար փաշային:

«Ակօս» թերթը ներկայացրել է փաստաթղթի որոշ հատւածները, որոնց մէջ Եսայեանը նշում է, թէ պատերազմի առաջին օրերից «Իթթիհատ վէ թերաքքը» կուսակցութիւնը համակարգւած կերպով ոչնչացնում է կայսրութեան ոչ-իսլամ բնակչութիւնը: Երիտասարդ կանայք եւ երեխաները, որոնց թիւը 200 հազարից աւելի է եղել, բռնի ուժով առեւանգւել են ու այդ բռնութիւնների են ենթարկւում ոչ միայն հայերը, այլ նաեւ` ասորիները, յոյներն ու նեստորականները:

Եսայեանը ներկայացրել է նաեւ բռնութիւններից օրինակներ: Փաստաթղթի ամենատպաւորիչ հատւածներից մէկն առնչւում է հայ կրթւած կանանց անձնասպանութիւններին՝ բռնութիւններից խուսափելու նպատակով: Նրանցից շատերն իրենց երիտասարդ դուստրերին նետում էին Եփրատ գետը, ապա նոյն այդ ջրերի մէջ անձնասպանութեան էին դիմում, երբեմն` իրենց նորածինների հետ:

Եսայեանը նշում է, որ նրանց մէկ մասը խելագարւել էր, իսկ ուրիշներ յաջողել էին փախչել բռնութիւններից, սակայն նրանք սպաննւել կամ մահացել էին ճամբաների վրայ: Ոմանք, ովքեր շատ փոքրաթիւ էին, կարողացել են սպանել իրենց դէմ բռնացողին:

Եսայեանը նշում է, թէ նրանք, ովքեր առեւանգման ժամանակ անչափահաս էին, անպայման պէտք է վերադարձւէին իրենց ընտանիքներին կամ տւեալ ազգի համապատասխան կառոյցներին: Նա աւելի բարդ է նկատել չափահասներ վերադարձի հարցը, յատկապէս նրանց պարագան, ովքեր արդէն իսլամացւել էին եւ ամուսնանալով` զաւակներ ունէին ու չէին ուզում վերադառնալ: Նրանց մէկ մասը պարզապէս ամաչում էր, իսկ ուրիշներ կորցրել էին վստահութիւնը իրենց երկրի նկատմամբ: Եսայեանն առաջարկում էր ստեղծել յատուկ միջազգային մի յանձնաժողով, որ կը զբաղւէր այդ կանանց հարցերով:

Նշենք, որ Եսայեանը 1915-ի ապրիլ 24-ի հայ մտաւորականների աքսորից կարողացել էր փրկւել` մի հիւանդանոցի մէջ թաքստոց գտնելով: Որոշ ժամանակ Բուլգարիա մնալուց յետոյ նա Բաքու էր գնացել` մասնակցելու հայ գաղթականների եւ որբերի օգնութեան աշխատանքին: 1933-ին Խորհրդային Հայաստանի կառավարութեան հրաւէրով հաստատւել էր Երեւանում` գրականութիւն դասաւանդելով Երեւանի պետական համալսարանում: 1937-ի ստալինեան աքսորի օրերին տարւել էր Սիբիր: Նրա մահւան տարին ու վայրը ցարդ անյայտ են: