Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Այս մասին յայտնում է Բարսելոնայի մշակութային «Հայաստան» ասոցիացիան, որն իր ֆէյսբուքեան էջում տեղադրել է Aqui Bergueda թերթի` այդ մասին հրապարակումը:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը` Բարսելոնայի Հայկական Մշակութային Միութեան առաջարկով` ձայների մեծամասնութեամբ ընդունել եւ ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ տարածքային ինքնիշխանութիւնը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Ընդունւած բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդէմ Արցախի Հանրապետութեան, խօսւում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական յանցագործութիւններ է կատարել` մասնաւորապէս, խաղաղ բնակչութեան դէմ կիրառելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, յուշարձաններ, եկեղեցիներ, ինչպէս նաեւ գնդակահարել գերիների: