Աղբիւր՝ www.yerkir.am

Կառավարութիւնը Գիւմրիում մեկնարկած արտագնա արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետութեան տօների եւ յիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկւում էր դեկտեմբերի 7-ն ամրագրել որպէս 1988 թուականի երկրաշարժի զոհերի յիշատակի եւ աղէտների դիմակայութեան օր:

Հիմնական զեկուցող` արդարադատութեան նախարարի պաշտօնակատար Ֆելիքս Ցոլակեանը նշեց, որ ներկայումս գործող օրէնքով դեկտեմբերի 7-ը  նշւում է որպէս Երկրաշարժի զոհերի յիշատակի օր: «1988 թւականի երկրաշարժի հետեւանքով զոհւեց աւելի քան 25 հազար մարդ, 15 հազարը դարձան հաշմանդամ, աւելի քան 500 հազար մեր հայրենակից մնաց անօթեւան: Հսկայական էին նիւթական կորուստները: Ոչնչացւեցին մեր քաղաքներն ու գիւղերը, պատմամշակութային արժէքները, րոպէների ընթացքում մեծածաւալ աւերածութիւններ արձանագրւեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում, Ստեփանաւանում եւ այլ բնակավայրերում: Ավերածութեան այդպիսի անսպասելի մասշտաբներին արձագանքելու անպատրաստ եւ այդ ժամանակ դեռեւս անկարող Հայաստանին աջակցութեան ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարութիւններ, միջազգային կառոյցնէր, կազմակերպութիւննէր եւ անհատներ: Հայ ժողովուրդը մշտապէս երախտապարտ է այդ ծանր պահին Հայաստանին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար եւ երբեք չի մոռանայ բոլոր նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին եւ տրամադրեցին անգնահատելի աջակցութիւն»,- ասաց Ցոլակեանը:

Նրա խօսքով` այս 30 տարիների ընթացքում դեկտեմբերի 7-ը մշտապէս նշւել է որպէս Երկրաշարժի զոհերի յիշատակի օր, եւ ողջ հայութիւնը սգացել ու յիշատակի տուրք է մատուցել զոհերին: «Նախագծով ներկայացնելով «դիմակայութեան օր» բառակապակցութիւն լրացումը` ներառում է այն ուժի եւ ոգու արտացոլանքը, որը հայ ժողովուրդը կրում է իր մէջ եւ, դարեր շարունակ դիմակայելով փորձութիւններին, կարողացել է անկոտրում կամքի ուժով կերտել ամուր Հայաստան»,- ասաց Ցոլակեանը:

Վարչապետի պաշտօնակատարը ճշտող հարց տւեց՝ «Փաստօրէն, այս որոշմամբ արձանագրում ենք անհրաժեշտութիւնը, որ Հայաստանում շարունակաբար աղէտների դիմակայութեան մակարդակը բարձրացւի, եւ դա տեղի ունենա ոչ միայն գերատեսչական աշխատանքով, այլեւ հանրութեան աւելի ու աւելի մեծ շերտեր ընդգրկւած լինեն այս պրոցեսի մէջ: Ըստ էութեան` մենք պէտք է ունենանք այս ուղղութեամբ աշխատանքների ռազմավարութիւն եւ միջոցառումների յստակ ծրագիր»,- ասաց նա:

Ցոլակեանն էլ նշեց, որ, բացի Փաշինեանի նշածից, այն միջազգային նպատակ է հետապնդում: «Այսինքն` այն երկրները, որոնք աջակցութիւն են ցուցաբերել մեզ այդ օրերին, շատերը պատրաստակամութիւն են յայտնել այդ օրը նշել իրենց երկրներում: Արդէն իսկ կան այդպիսի երկրներ, ԱՄՆ նահանգներ, որոնք այս օրն իրենց մօտ ընդգրկել են որպէս Սպիտակի երկրաշարժի օր»,- պարզաբանեց նախարարի պաշտօնակատարը: