Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ Հայաստանի «Ազզային կինոկենտրոն»-ը պատրաստւում է երկու նոր վաւերագրական ժապաւէն նկարահանելու: Յունւարի 23-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի «Ազգային կինոկենտրոն»-ի տնօրէն Գէորգ Գէորգեանը նշեց, որ առաջին ժապաւէնը՝ բեմադրիչ Վարդան Յովհաննիսեանի «Բանտարկւած Հոգիներ»-ը, «Բարս Մեդիա» ընկերութեան հետ գործակցաբար է պատրաստւելու։

«Յովհաննիսեանն արդէն ուսումնասիրում է արխիւային շատ նիւթեր: Այժմ մի փոքր փոխւում է սցենարը, եւ հեղինակը կապում է այն շախմատի հետ՝ անդրադառնալով այն երեւոյթին, որ Հայաստանը երեք անգամ մեծ յաջողութիւն է ունեցել շախմատի ոլորտում»,- նշել է Գէորգեանը՝ աւելացնելով, որ ժապաւէնի թէ՛ նիւթը եւ թէ բովանդակութիւնը շատ հետաքրքական են:

Երկրորդ նախագիծը «Ման Փիքչրզ»-ի հետ համատեղ իրականացւող «Յիշատակի Պատը» վաւերագրական ժապաւէնն է, որը կը բեմադրի բեմադրիչ Արամ Շահբազեանը:

«Ֆիլմը կոտորածներից մազապուրծ եղած հայերի՝ աշխարհով մէկ սփռւելու մասին է, նաեւ այն մասին, որ երկրագնդի տարբեր կէտերում կան շատ անւանի հայեր, աշխարհահռչակ կոմպոզիտորներ, պարողներ, գիտութեան բնագաւառի ներկայացուցիչներ, ովքեր Ցեղասպանութեան պատճառով են հայրենիքից դուրս ծնւել, մեծացել, ապրում ու ստեղծագործում»,- ըսած է «Կինոկենտրոն»-ի ղեկավարը:

Նա յայտնել է, որ բացի նշւածից, Ցեղասպանութեան նիւթով այս երկու շարժապատկերի նախագծերը կը ներկայացւեն՝ անկախ պետական յանձնաժողովի որոշումից: Գէորգեանը տեղեկացրել է, որ 10-րդ «Ոսկէ Ծիրան» շարժապատկերի փառատօնի շրջանակում արտերկրից հրաւիրւած հեղինակաւոր դատական կազմի հետ ընտրել են Ցեղապանութեան նւիրւած 37 շարժապատկերի նախագծեր, որոնցից ընտրւած 6-ը ներկայացւել են պետական յանձնաժողովի դատին: «Նախագծերը դեռեւս քննարկման փուլում են, եւ դեռ յայտնի չէ, թէ երբ եւ ինչ ժամկէտում կընտրւեն»,- նշել է Գէորգեանը:

Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք ուշ չէ՞ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած ժապաւէն նկարահանելու՝ նա նշել է, որ դեռ կայ մէկ տարուց աւելի ժամանակ, որ բաւարար է նկարահանումները կատարելու։

«Կինոկենտրոն»-ը 2014-ին կաջակցի գեղարւեստական 12 ժապաւէնների նկարահանմանը: «Կինոկենտրոն»-ի բիւդջէն տարեկան կէս միլիոն դոլար է։