Կիրակի՝ 2022 թւականի օգոստոսի 14-ին, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով: Զուգահեռ նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը:

Ընթացքում հոծ թւով ներկայ հաւատացեալների համար քարոզախօսութեամբ հանդէս եկաւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի պատմական դրւագին եւ խորհրդին՝ ասաց. «Ըստ աւանդութեան Սուրբ Կոյսը ամէն օր այցելում էր Գեթսեմանի պարտէզում Քրիստոսի գերեզման, որտեղ խաչելութիւնից յետոյ թաղւել եւ յարութիւն էր առել Տէրը. Տիրամայրը ծնկաչոք աղօթում էր այնտեղ՝ մխիթարւելու եւ երկինք համբարձւած իր որդու կարօտն առնելու համար»:

Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը նշելով նաեւ, որ ամէն անհատ իր ցաւն ու վիշտն ունի, յոյս յայտնեց, թէ բոլորի աղօթքներով եւ յատկապէս Պատարագի ու Սուրբ Կոյս Մարիամի բարեխօսութեան միջոցով, իւրաքանչիւր անձ կը կարողանայ կապւել Աստծուն ու Աստւածորդուն եւ Սուրբ Հոգու ներգործութեամբ մխիթարութիւն է ստանալու ու ամրապնդելու է իր հաւատը:  

Յաւարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցաւ խաղողօրհնէքի կարգը, որից յետոյ օրհնւած խաղողի ողկոյզները բաժանւեցին ներկաների միջեւ:

Յատկանշական է, որ այս արարողութեամբ «Ս. Աստւածածին» եկեղեցու դռները հաւատացեալների առջեւ վերաբացւեցին՝ շուրջ մէկ տարի վերանորոգման ու բարեզարդման պատճառով դադարից  յետոյ:

Տօնի առիթով Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցւել նաեւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, ձեռամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ երգեցողութեամբ «Նարեկ» երգչախմբի: Այստեղ նոյնպէս յաւարտ Ս. Պատարագի կատարւել է խաղողօրհնէքի կարգը:

Թղթակից (Նոր Ջուղա)