Աւագ հինգշաբթի՝ ապրիլի 14-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի յիշատակի օրւայ առթիւ, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու Պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը. պատարագեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը: Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով արտասանւեց Ս. Բարսեղ Հայրապետի աղօթքը:

Նոյն օրը ցերեակւայ ժամը 4:00-ին, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս», «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում իրականացւեց Ոտնլւայի կարգը:

Յատկանշական է, որ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի տնօրէնութեան համագործակցութեամբ, դպրոցի սաները արարողութեան ընթացքում մարմնաւորեցին Քրիստոսի 12 աշակերտներին:

Թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը նախագահեց «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութեանը: Նա անդրադառնալով Քրիստոսի միջոցով աշակերտների ոտքերի լւացմամբ մարդկութեանը տրւած համեստութեան օրինակին, ինչպէս նաեւ օրւայ գլխաւոր պատգամին՝ հնազանդութեանը, կոչ արեց հնազանդ լինել ծնողներին, ուսուցիչներին եւ ամենակարեւորը Աստծուն ու Աստւածաշնչին՝ երկնքի արքայութեանն արժանանալու համար:

Աւելի ուշ՝ երեկոյեան ժամը 7:00-ից, Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Ստեփանոս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում սկիզբ առաւ Խաւարման կարգը:

Գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, որը նախագահում էր «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութեանը, իր խօսքում նախ անդրադարձաւ Ադամի ու Եւայի դրախտից արտաքսման Աւետրանական դրւագին, ապա՝ Քրիստոսի Վերջին ընթրիքին, ձերբակալութեանն ու խաչելութեանը: Նա վերջում աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ բոլորին պահի եւ պահպանի չարից ու փորձանքից եւ օգնի, որպէսզի ընդունեն արդարութեան արեգակը՝ աստւածային լոյսը ստանալու եւ այդ լոյսով իրենց մտքերը, սրտերն ու հոգիները լուսաւորելու ու խաւարից դուրս հանելու համար:

Յաջորդ օրը՝ ապրիլի 15-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Նոր Ջուղայի «Ս. Մինաս», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Ս. Ստեփանոս», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում իրականացւեց Քրիստոսի չարչարանքի, խաչելութեան եւ թաղման յիշատակի օրւայ առթիւ արարողութիւնը՝ Թաղման կարգը:

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու կարգի ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրն անդրադառնալով օրւայ խորհրդին՝ պատգամեց, որ կեանքն աւարտ ունի եւ մարդ արարածն ինչպէս մերկ է աշխարհ եկել, նոյնպէս էլ մերկ գնալու է այս աշխարհից: Նա իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, որ իւրաքանչիւր անձ պէտք է մտածի, թէ ինչպիսի յիշատակներ եւ գործեր է թողնելու իրենից յետոյ, յորդորեց. «Բարեպաշտութեամբ ու բարեգործութիւններով լեցուն աստւածահաճոյ կեանք ապրենք, որպէսզի վերջին բնակարանին հասնելու ժամանակ ոչ միայն մեզանից անուշ յիշատակներ մնայ, այլ նաեւ երկնքի արքայութեան մէջ ընդունւենք որպէս Աստծու սիրելի զաւակներ»:

Թղթակից (Նոր Ջուղա)