Ուրբաթ եւ շաբաթ՝ 2022 թւականի փետրւարի 11-ին եւ 12-ին, Նոր Ջուղայի «Ս. Սարգիս» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, Ս. Սարգիս Զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ:

Այս առիթով, ուրբաթ օր՝ առաւօտեան ժամը 10-ին, տեղի ունեցաւ աղօրհնէք, որից յետոյ մատաղացու ոչխարները զենւեցին եւ սկսւեց մատաղի պատրաստութիւնը:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 5-ին, տեղի ունեցաւ հսկման ժամերգութիւն եւ Սուրբ Սարգսի տօնի առիթով «Երիտասարդների Օրհնութեան Օր» հռչակւած հայ զինծառայողների օրհնութեան կարգ, որտեղ Իրանի Իսլ. Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող թեմիս զաւակները, Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ստացան Աստծու օրհնութիւնը:

Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը իր խօսքն ուղղելով զինւորներին, շնորհաւորեց Սուրբ Սարգիս Զօրավարի տօնը, ապա նշեց, թէ չնայած համաճարակի սրացմանը, Կրօնական խորհուրդը որոշեց յարգելով հակահամաճարակային կանոնները, այս տարի եւս իրականացնել այս բարի աւանդոյթը:

Նա իր շնորհակալութեան խօսքն ուղղեց հայ զինւորներին, ովքեր գիտակից իրենց պարտականութեանը, սիրայօժար լծւել են ծննդավայր հայրենիքի սրբազան պաշտպանութեան գործին եւ պատւով կատարում են իրենց պարտքը:

Զաւէն Սիմոնեանը շնորհակալութիւն յատուկ յայտնեց Ն. Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, եկեղեցու կանանց յանձնախմբին, մատաղի յանձնախմբին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից դարձան այս ծրագրի իրականացմանը:

Նա առիթը պատեհ համարելով շնորհաւորեց նաեւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան 43-րդ տարեդարձը՝ երկրին մաղթելով յարատեւ խաղաղութիւն:

Այնուհետեւ, թեմիս եօթ զինւորներին շնորհւեցին Կրօնական խորհրդի միջոցով պատրաստւած խրախուսանքի նւէրներ: Ծառայութեան պատճառով բացակայ զինւորների նւէրները յանձնւեցին նրանց հարազատներին:

Վերջում ներկաներին իր սրտի խօսքն ուղղեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը:

Սրբազան Հայրը շնորհաւորելով Ս. Սարգիս Զօրավարի տօնը, անդրադարձաւ սրբի կենսագրական գծերին, ասելով. «Ս. Սարգիս Զօրավարը խիզախութեամբ ծառայել է իր ծննդավայր Կապադովկիայում, սակայն երբ Հուլիանոս Ուրացող կայսեր օրօք սկսւում են հալածանքներ քրիստոնեաների նկատմամբ, Աստծու հրամանով ապաստանում է քրիստոնեայ Հայաստանում: Հայոց Տիրան արքան, տեղեկանալով, որ բիւզանդական բանակը մեծ զօրքով շարժւում է դէպի Պարսկաստան, որպէսզի իր երկիրը զերծ պահի յարձակման վտանգից, յորդորում է Ս. Սարգսին ծառայութեան անցնել պարսկական բանակում: Նա հաւատարմօրէն ծառայում է պարսից բանակին մինչեւ իր նահատակւելը»:

«Այսօր եւս մենք կանգնած ենք նոյն իրավիճակի դիմաց: Ինչպէս Ս. Սարգիսը հարկադրաբար թողեց իր մայր հայրենիքը եւ արիաբար ծառայեց այլ երկրի բանակում, այնպէս էլ մեր հայ երիտասարդ բանակայինները, իրենց մայր հայրենիքից հեռու, նոյն ոգով ու սիրով եւ նոյն հաւատարմութեամբ ծառայում են իրենց ծննդավայր հայրենիքին», յաւելեց նա:

Թեմակալ Առաջնորդը բարի եւ անփորձանք ծառայութիւն մաղթելով զինծառայողներին, աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ իր հովանու ներքեւ պահի ու պահպանի նրանց, բոլորը կազմեն ամուր հիմքերի եւ քրիստոնէական հաւատքի վրայ հիմնւած հայկական օջախներ, իրականան բոլորի երազանքներն ու ծրագրերը եւ նրանց ծնողները տեսնեն իրենց զաւակների ուրախութիւնն ու յաջողութիւնները:

Յատկանշելի է, որ առողջապահական նկատառումներից ելնելով, երեկոյեան ժամերգութեանը ներկայ էին միայն թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, զինւորներն ու նրանց ծնողները:

Շաբաթ առաւօտեան, ձեռամբ Տէր Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց տօների առիթով:

Այնուհետեւ Սրբազան Հայրը, եկեղեցական դասի եւ երգեցիկ խմբի կազմած թափօրի ուղեկցութեամբ, դուրս եկաւ եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան, հացն ու ջուրը, որոնք բաժանւեցին ցանկացող հաւատացեալների մէջ:

Աւարտին Սրբազան Հայրը շնորհաւորելով Ս. Սարգիս Զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօները, ինչպէս նաեւ «Սարգիս» եւ «Սարգսեան» անուն-ազգանունը կրողներին, իր շնորհակալութիւնը յայտնեց եկեղեցական դասին, նւիրատուներին, Կրօնական խորհրդի գլխաւորութեամբ Ն. Ջ. Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանը, եկեղեցու երեցփոխի գլխաւորութեամբ կանանց յանձնախմբին, մատաղի յանձնախմբին եւ երգչախմբի անդամներին, բոլորին մաղթելով քաջառողջութիւն եւ յաջողութիւն: 

Ս. Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» երգչախումբը՝ Անուշ Յովհաննիսեանի ղեկավարութեամբ:

Հարկ է նշել, որ տօնի առիթով ուխտաւոր հաւատացեալները կատարել էին նւիրատւութիւններ:

Համաճարակի սրացման պատճառով, վերոնշեալ բոլոր արարողութիւնները տեղի ունեցան դռնփակ:


Թղթակից (Նոր Ջուղա)