Հայ-իրանական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակի շրջանակում Իրան ժամանած Սօս Սարգսեանի անւան Համազգային թատրոնը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի հրաւէրով, թւականիս փետրւարի 9-ին, «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ Առաջնորդ Սրբազան հօր, ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչների եւ «Արարատ» միութեան արտօնատիրոջ, ինչպէս նաեւ համայնքի արւեստասէր հանդիսատեսի, ներկայացրեց Յովհաննէս Թումանեանի «Լոռեցի Սաքօն» ստեղծագործութեան համանուն բեմադրութիւնը, որը համեմւած էր երաժշտական ինքնատիպ լուծումներով` երգով ու նւագով, որոնք կատարեցին ներկայացման դերակատարները: Ներկայացման մէջ հնչում էին` Նարեկացու, Կոմիտասի, Քրիստափոր Կարա-մուրզայի եւ Բարսեղ Կանաչեանի երգերը:

 

Ներկայացման ռեժիսորը` Նարինէ Գրիգորեանը, իր բեմադրութեամբ փորձել է անդրադառնալ ժամանակակից խնդիրներին` կապւած երեխաների դաստիարակութեան հետ: Պօէմում Սաքոյին խելագարութեան են հասցնում տատի սնահաւատ պատմութիւնները, որոնք նա յիշում է մի գիշեր անտառում մենակ մնալով: Եւ հարց է առաջանում` իսկ մենք ի՞նչ ենք մատուցում մեր երեխաներին` հեռուստատեսութեան, տարատեսակ մուլտֆիլմերի ու վիդէօխաղերի միջոցով, եւ ի՞նչ պտուղներ ենք հաւաքելու վաղը:

 

Այս բեմադրութիւնն իր բացառիկ մատուցմամբ եւ դերասանական բարձր վարպետութեամբ հիացմունք պատճառեց Նոր Ջուղայի թատերասէր հանդիսատեսին եւ արժանացաւ նրա ջերմ ընդունելութեանը:

 

Ներկայացման բեմադրիչ-ռեժիսորն է Նարինէ Գրիգորեանը: Դերերում հանդէս եկան` Նարինէ Գրիգորեանը, Արման Նաւասարդեանը (դերասան-Սաքօ), Յարութիւն Սարգսեանը եւ Միլենա Ղազարեանը (դերակատարներ): Բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդօ Յովհաննիսեանը, իսկ լուսային ձեւաւորողը՝ Զարուհի Թարխանեանը:

 

Ներկայացման աւարտին բեմ հրաւիրւեցին թեմակալ առաջնորդ Տէր Սիփան եպս. Քէչէճեանը եւ «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան անդամներ՝ Ժորժ Ղազարեանն ու Միգանուշ Տէր Մարտիրոսեանը՝ ծաղիկներ նւիրելու համար: 

 

Սրբազան Հայրը հանդէս եկաւ բարի գալստեան եւ թատերախմբի անձնակազմին ուղղած գնահատանքի խօսքերով: Նա կիսելով իր տպաւորութիւնները ներկայացման վերաբերեալ, ասաց. «Այս ներկայացմամբ հանդիսատեսը հոգեպէս տեղափոխւեց Լոռւայ սարերը եւ ականատես վկան եղաւ Յովհաննէս Թումանեանի «Լոռեցի Սաքօն» պօէմի պատմութեանը: Սոյն թատերախումբը աւանդականը արդիականին միացնելու հմտութեամբ, պահելով հեքիաթի հարազատութիւնը, այն մատուցեց նորացւած ձեւով»:

 

Անդրադառնալով Սաքոյի կերպարին, Թեմակալ Առաջնորդը ջերմ խօսքեր ուղղելով գլխաւոր դերակատարին, ընդգծեց. «Սաքոյի դերը մարմնաւորող դերասանը այնքան վարպետօրէն ներկայացրեց հերոսի կերպարը, որ հանդիսատեսը հոգեպէս ապրեց ու զգաց նրան»:

«Ներկայացման միւս դերասանները եւս իրենց պարային ու ձայնային հմտութիւններով, այնքան պատկերաւոր ներկայացրին պօէմը, կարծես այն պատմում էր նոյն ինքը՝ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը»,- աւելացրեց նա:

 

Միջոցառմանը արտայայտւեց նաեւ դերասան Արման Նաւասարդեանը: Նա իր խօսքերում նշեց. «Սփիւռքը, թէ նիւթապէս եւ թէ բարոյապէս միշտ եղել է Հայաստանի կողքին, սակայն օժանդակութիւնը միակողմանի չէ եւ Հայաստանը եւս պարտաւորութիւններ ունի սփիւռքի նկատմամբ: Այդ իսկ պատճառով Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական փառատօնի հրաւէրը ստանալով, որոշեց ընթացք տալ իրանահայ համայնքներում ներկայացումներ ունենալու հրաւէրին, առաւել եւս օժանդակել սոյն համայնքների թատերական աշխատանքներին, որպէսզի թատերական խմբերը վերադառնան իրենց երբեմնի եղած վիճակին:

 

Վերջում թատերախմբի անունից, ի նշան եղբայրութեան եւ համագործակցութեան, «Արարատ» միութեանը նւիրւեց Լոռեցի Սաքոյի պատկերով քանդակւած փայտէ արձանիկը:  

 

Նշենք, որ նոյն ներկայացմամբ թատերախումբը հանդէս եկաւ իրանական «Ֆաջր» թատերական միջազգային փառատօնում եւ արժանացաւ իրանցի արւեստասէր հանդիսատեսի բարձր գնահատանքին:

Թղթակից (Նոր Ջուղա)