Երեքշաբթի՝ յունւարի 18-ի առաւօտեան, Շահինշահրի ուրբաթօրեայ աղօթապետի ներկայացուցիչ հոջ. Հաֆեզին, Քաղխորհրդի նախագահ պրն. Սալեհին եւ միւս անդամները, նորանշանակ քաղաքապետ պրն. Աբրիշամի Ռադն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտօնատարներ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօնի առիթով քաղաքավարական այցով ներկայ գտնւեցին Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան կենտրոնատեղիում՝ տեսակցելու Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանին, համայնքի ծխատէր Տ. Սահակ քհնյ. Մինասեանին, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, Թեմական ու Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներին, թեմի Պատգամաւորական ժողովում Շահինշահրի պատգամաւորներին եւ քաղաքի Հայ համայնքի վարչութեան անդամներին:

Ընթացքում տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքերով եւ բարեմաղթանքներով հանդէս եկան պրնյք. Աբրիշամի Ռադն ու Սալեհին եւ հոջ. Հաֆեզին:

Պրն. Աբրիշամի Ռադը հրաշալի զուգադիպութիւն համարելով իր պաշտօնավարման մեկնարկի համընկնումը քրիստոնեաների Նոր տարւայ հետ, Շահինշահրում հայ ժողովրդի բնակութիւնը քաղաքի ուրոյն յատկութիւններից համարեց եւ յոյս յայտնեց, որ այս տարեմուտը լաւագոյն առիթն է հանդիսանալու՝ միասնական ուժերով առաւել շէնացւած եւ բարեկարգւած քաղաք ունենալու համար: Պրն. Սալեհին իր եւ քաղխորհրդի միւս անդամների անունից շնորհաւորելով տօնական օրերի առթիւ՝ հպարտութեան առիթ համարեց Շահինշահրի քրիստոնեայ եւ մուսուլման բնակչութեան սիրալիր վերաբերմունքը միմեանց նկատմամբ: Հոջ. Հաֆեզին մատնանշելով, որ քրիստոնէութիւնն ամենամօտ կրօնն է իսլամին, աւելացրեց, թէ միաստւածութեան կրօններին դաւանողները պէտք է պահպանեն իրենց միասնութիւնը եւ վերացնեն թշնամու առաջացրած տարաձայնութիւնները՝ թափանցիկ զրոյցների ներքոյ:

Ելոյթների շարանում, որպէս հիւրընկալ, ներկաներին բարիգալստեան խօսք ասաց Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ատենապետ Ռաֆիկ Բաբումեանը, ապա Ռոբերտ Բեգլարեանը հպարտանալու առիթ համարելով՝ Իրանում զանազան դաւանանքներով ու ազգութեամբ մարդկանց բարեկամական եւ ընկերական յարաբերութիւնները միմեանց հետ, յարատեւութիւն մաղթեց այս գովելի համակեցութեանը: Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը հիւրերին բարի գալուստ մաղթելուց յետոյ, յատուկ շնորհաւորանքի խօսք ուղղեց նորանշանակ քաղաքապետին՝ ստանձնած պաշտօնի կապակցութեամբ:

Աւարտին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը նշելով, որ համավարակի պատճառով երկար ժամանակ է, ինչ Շահինշահրում նման պաշտօնական հանդիպում չի իրականացւել, այս առիթը պատեհ համարելով, շնորհաւորանքի խօսք փոխանցեց վերջին ժամանակներում բոլոր ընտրութիւնների եւ նշանակումների կապակցութեամբ՝ սկսեալ Երկրի նախագահի մինչեւ զանազան բնագաւառներում բարձրաստիճան պաշտօնատարների ընտրութիւնները: Նա շարունակութեան մէջ թեմի ժողովականութեան եւ ժողովրդի անունից յատուկ շնորհակալական խօսք ուղղեց՝ Երկրի առաջնորդին, նախագահին եւ պետական այլ պատասխանատուներին, առ այն, որ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած իրենց սէր ու յարգանքի եւ իւրայատուկ ուշադրութեան շնորհիւ, իրանահայութիւը իրեն փոքրամասնութիւն չի զգում:

Թղթակից (Նոր Ջուղա)