Իրանահայ շնորհալի պատանի Ռենէ Զամանեանը մասնակցելով միջազգային մաթեմատիկայի եւ ընդհանուր գիտելիքների մրցոյթի, արժանացել է բրոնզէ մեդալի մաթեմատիկայի Հեսաբան (հաշւարկ) բաժնում: Հաղորդում է «alikonline.ir»-ը

Ռենէ Զամանեանը թերթիս լրագրողին պատմեց, որ միջազգային օլիմպիադաներին մասնակցելու մասին հետաքրքրւել էր դեռ վաղուց, սակայն չի գտել որեւէ օգտակար տեղեկութիւնների բազա կամ ուղեցոյց մասնակցութեան գծով: «Հարազատներիս խորհուրդով անձամբ դիմեցի Թեհրանի «Խանէյէ ռիազիաթ» (Մաթեմի տուն), որտեղ ինձ խորհուրդ տւեցին մրցոյթներից առաջ ուժերս փորձեմ Ասիական դպրոցական մաթեմատիկայի մրցոյթում: Իսկ մրցոյթին մասնակցելու համար պէտք էր նախ յաղթահարել առաջին փուլը՝ ընդհանուր գիտելիքների, ֆիզիկայի, եւ մաթեմատիկայի չորս քննութիւններից կազմւած փուլը: Արդիւնքներն ինձ շատ զարմացրեց, քանի որ յաղթահարել էի փայլուն միաւորներով»,- պատմում է Ռենէն:

Շնորհաշատ պատանին յաւելեց, որ դրանով նա ապահովեց իր առաջին բրոնզէ մեդալը, որով ամրագրել է նաեւ յաջորդ փուլ դուրս գալու արտօնագիրը:

Այսպիսով Ռենէ Զամանեանը մասնակցելով Ասիական դպրոցական մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային (IFMC-2021) արժանացել է բրոնզէ մեդալի չորս՝ Մալայզիայի, Թայլանդի, Կանադայի եւ Եւրոպայի մաթեմատիկայի միջազգային կազմակերպութիւնների կողմից:

Նւաճելով այս մեդալը՝ հայոց ազգ. «Մարիամեան» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտը արտօնագիր է ստացել մասնակցելու Ասիական պատանեկան մաթեմատիկական օլիմպիադային (IJMO):

Ռենէ Զամանեանն իր ընկերներին ու հայ պատանիներին յորդորում է կոնկուրսին մնացող երկու տարիներն անց կացնել պատրաստւելով համալսարանների մուտքի քննութեանը, որից յետոյ առաւել յուսառատ կեանք է սպասւում մարդու: «Իսկ նման քննութիւններին ու օլիմպիադաներին մասնակցելը կարող է առաւել նպատակասլաց դարձնել աշակերտին, քանի որ քո կատարած գործի արդիւնքը տրամադրող է ու հաճելի: Հաճելի է, քանի որ դրանով զգում ես ուրախ են նաեւ ծնողներդ, ինչը քեզ մեծ բաւարարութիւն է տալիս»,- եզրափակեց Ռենէն:

Նշենք, որ Ռենէն դասի կողքին շարունակում է մարզւել «Սիփան» միութեան ժայռամագլցման խմբի հետ, որի պարապմունքերին մասնակցել է շուրջ հինգ տարի:

Ռենէն նաեւ ռաք երաժշտութեան սիրահար է եւ իր էլեկտրիկ գիթառով յաճախ փորձում է նւագակցել Metallica, Pink Floyd, Dream Theater եւ այլ խմբերի հիթ դարձած ռիֆերի հետ: