Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնն իր վաստակաշատ անդամուհիներին գնահատելու եւ մեծարելու նպատակով՝ պատւոգիր շնորհեց նրանց, որոնք երկար տարիներ գործունէութիւն ծաւալելով ժամանակի վարչութիւնների կազմերում եւ զանազան յանձնախմբերում, ոչ միայն Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան եւ նրան ենթակայ ծերանոցի վերելքի պատճառ են հանդիսացել, այլեւ իրենց ջանադիր աշխատանքով տիպար են դարձել կրտսեր միութենականների համար:   

Այս ծիրում վարչութեան անդամուհիներն առանձնաբար այցելելով Ծաղկուշ Փաթաթանեանի, Երան Միրզայեանի, Նւարդ Շահնազարեանի եւ Քրիստ Պօղոսեանի բնակարաններ, յիշեալներին փոխանցեցին միութենականների ողջոյնի եւ երախտիքի խօսքերը, ինչպէս նաեւ յանձնեցին վարչութեան կողմից պատրաստւած պատւոգրերը:

Հարկ է նշել, քանի որ մինչեւ այցելութիւնների կազմակերպումը կեանքից առ յաւէտ հեռացաւ Կանանց Գթութեան միութեան տարիների վարչութիւնների անդամուհի Լիլիկ Պօղոսեանը, հանգուցեալի պատւոգիրը յանձնւեց նրա ընտանիքին:

 

Թղթակից (Նոր Ջուղա)