Երեքշաբթի՝ 2021 թւականի յունւարի 5-ի, երեկոյեան ժամը 4:00-ին Շահինշահրի «Սրբ. Վարդանանց» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Ք‎էչ‎էճեանի եւ ձեռամբ համայնքի ծխատէր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասնեանի, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով, դռնփակ կերպով մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ, որին ներկայ էին նաեւ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ու դպրաց դասը:

Աւարտին, Սրբազան Հայրն իր սրտի խօսքը փոխանցեց բոլորին: Նա անդրադառնալով 2020 թւականին Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցած ցաւալի դէպքերին, ընդգծեց, որ Հայաստանը որպէս հայ ժողովրդի տուն եւ հայրենիք ժամանակին արքունական ապարանքի բարձունքի վրայ է եղել, սակայն ապաշնորհ գործողութիւնների, ինչպէս նաեւ պարտութիւնների ու կորուստների արդիւնքում, նա արքունական ապարանքի պատւից ընկել է եւ վերածւել է գիւղական խրճիթի: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը շարունակութեան մէջ պատգամեց, թէ հայ ժողովուրդը պէտք է նոր գործելաոճով, վարքագծով ու ապրելակերպով մաքրի խրճիթը եւ այն վերածի մսուրի, որպէսզի այնտեղ անգամ եւս Քրիստոսը ծնւի ու այդ ծնունդի շնորհիւ ոչ միայն հայ ազգն արժանանայ Աստծոյ ողորմութեանը, օրհնութեանն ու բարիքներին, այլեւ կարողանայ վերակառուցի ու վերադարձնի իր կորցրածը:

Վերջում Թեմակալ առաջնորդն իր, թեմի ազգային իշխանութեան եւ եկեղեցական դասի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:

Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը:

Պատարագին ներկայ էր Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանը:


Թղթակից (Շահինշահր)