Նահատակ Հրաչ Յակոբեանի թաղման կարգը տեղի ունեցաւ ուրբաթ՝ 2020 թւականի հոկտեմբերի 2-ի առաւօտեան:

ժամը 10:00-ին, Իրանի Իսլ. Հանրապետութեան բանակի թիկնազօրի ուղեկցութեամբ, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատան դիակառքով նահատակի դին բանակի հիւանդանոցից փոխադրւեց Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցի, ուր նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի իրականացւեց թաղման արարողութեան տան կարգը: Համաճարակի հետ կապւած նկատառումներից ելնելով՝ եկեղեցում ներկայ գտնւեցին միայն նահատակի հարազատները, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանն ու Արա Շահվերդեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետեր՝ Թաթուլ Օհանեանն ու Վարուժ Մինասեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանն ու մի շարք զինւորականներ ու պարսիկ հոգեւորականներ:

Այնուհետեւ, ժամը 10:30-ին, նահատակի դին տեղափոխւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն, իր եւ թեմիս միւս 5 հայ նահատակների յիշատակին 2018 թւականին կանգնեցւած յուշաքարերի շրջափակ: Զինւորական յատուկ արարողակարգով նահատակի դագաղը դրւեց սեղանի վրայ:

Այստեղ ծրագիրն սկիզբ առաւ Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնով, ապա ցաւակցական եւ նահատակի դին գտնւելու առիթով շնորհաւորանքի խօսքերով ելոյթ ունեցաւ Նահատակների հիմնարկի մշակութային գծով տեղակալ դոկտ. Նորուզին: Նա նշելով իրանահայութեան կարեւոր դերակատարութիւնը Սրբազան պաշտպանութեան 8 տարիների ընթացքում, անդրադարձաւ անցնող օրերի ընթացքում նահատակի դին Զահեդանից Սպահան տեղափոխելու շրջագծում, Զահեդանում, Թեհրանում եւ Սպահանում իրականացւած հրաժեշտի ու դիմաւորման միջոցառումներին:

Արտայայտւեց նաեւ Սպահան, Եազդ, Չհարմահալ Բախտիարի նահանգների բանակի ռազմական աւագ հրամանատար բրիգադային գեներալ Ազարաֆրուզը: Նա շնորհակալութիւն յայտնելով ներկաներին՝ այս թաղման արարողութեանը մասնակցելու համար, գնահատանքի խօսք ուղղեց բոլոր նահատակներին, ովքեր իրենց անձը զոհեցին հայրենիքի պաշտպանութեան եւ արժէքների պահպանման ճանապարհին: Հրամանատարն իր խօսքերի շարունակութեան մէջ ընդգծեց իրանահայ համայնքի դերակատարութիւնը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում եւ կարեւորութեամբ ասաց, որ դա ապացոյցն է, թէ Իրանի հայութիւնը կարեւոր նշանակութիւն է տալիս երկրի հողային ամբողջականութեան պահպանմանը:

Ելոյթների շրջագծում հանդէս եկաւ պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:

Պրն. Բեգլարեանն իր խօսքում նշելով, որ սրանից շուրջ 42 տարի առաջ, երբ որպէս մանկութեան խաղընկեր շփւել է նահատակ Հրաչ Յակոբեանի հետ, պատկերացում անգամ չի ունեցել, որ տարիներ յետոյ ելոյթ պիտի ունենայ նրա աճիւնների թաղման արարողութեան ընթացքում: Նա իր խօսքում անդրադառնելով հայերէն լեզւում պատերազմ բառին, եւ շեշտելով, որ բառի արմատը գալիս է պարսկերէն փադէ ռազմ (پادِ-رزم) բառերից, կարեւորութեամբ ընդգծեց, թէ այս բառն ինքնին ապացուցում է, որ հայերն ու իրանցիները որպէս մշակոյթ կերտող ժողովուրդներ, յարձակում սկսող ազգեր չեն եղել եւ միշտ պաշտպանւել են թուրանների եւ այլ թշնամիների արշաւանքների դիմաց: Նա որպէս իր վերոնշեալ արտայայտութեան պարզ ապացոյց՝ մատնանշեց այսօրւայ Հայաստանի եւ Իրանի կարգավիճակը, որոնք դիմակայում են թշնամիների զանազան սադրանքներին ու յարձակումներին: Ռոբերտ Բեգլարեանը զուգահեռներ անցկացնելով նաեւ նահատակի հօր՝ պրն. Յակոբեանի եւ Յակոբ նահապետի միջեւ, թէ ինչպէս երկուսն էլ տարիներ համբերատարութեամբ սպասեցին իրենց զաւակների վերադարձին, կարեւորեց նահատակների կողմից մեզ թողած ժառանգութեան պահպանումը:

Յաջորդիւ Իրանի զինւած ուժերի ընդհանուր շտաբի անյայտ կորածների որոնման կոմիտէի հրամանատար Սէյեդ Մոհամմադ Բաղերզադէի պատգամն ընթերցեց Սրբազան պաշտպանութեան արժէքների պահպանման եւ տարածման Սպահան նահանգի գլխաւոր տնօրէն գեներալ Շիռւանեանը: Այս պատգամում, որը հիմնականում ուղղւած էր նահատակի ընտանիքին, նշւած լինելով թէ Հրաչ Յակոբեանն ու միւս նահատակները երկրի հպարտութիւնն են, շեշտւած էր, որ գովասանքի է արժանի այս նահատակի ընտանիքը՝ 33 տարիներ համբերատարութեամբ իր զաւակին սպասելու համար: Խօսքում ընդգծւած էր յատկապէս, որ Իրանի ժողովրդի անձնազոհութիւնները Սրբազան պաշտպանութեան տարիներին, ապացուցում է այն ընդհանուր նպատակը, որի շուրջ համախմբւել են Իրանի քաղաքացիները՝ անկախ իրենց կրօնից ու ազգութիւնից:

Ելոյթները եզրափակւեցին Սրբազան Հօր հայրական պատգամով: Նա իր խօսքում նշեց. «Թէեւ սգոյ առիթի համար ենք համախմբւել այստեղ, սակայն սա նաեւ յաղթանակի օր է բոլորիս համար, իսկ նահատակի ծնողների եւ հարազատների համար՝ մխիթարութեան ու սփոփանքի օր»: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր խօսքում ընդգծելով, որ ազգից, հայրենիքից, կրօնից ու մշակոյթից առաւել արժէքաւոր գաղափար գոյութիւն չունի, վստահութիւն յայտնեց, որ նահատակների անցած ուղին օրինակ է հանդիսանալու երիտասարդ սերնդի համար:

Ելոյթների աւարտին Սրբազան Հօր նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ տեղի ունեցաւ թաղման արարողութեան եկեղեցու կարգը, որից յետոյ թիկնազօրը նահատակի դագաղն իր ձեռքերի վրայ բարձրացրած այն փոխադրեց գերեզմանտան մի այլ բաժին, որտեղ տարիներ է, ինչ Յակոբեան ընտանիքի միջոցով իր զաւակի յիշատակին կանգնեցւել է յուշաքար: Այստեղ իրականացւեց գերեզմանի կարգը եւ ի վերջոյ 33 տարիներ յետոյ, քաջարի մարտիկի աճիւնները հանգիստ առան իր ծննդավայրի գերեզմանատանը:

Վերջում Առաջնորդ Սրբազան Հայրը, նահատակի հարազատները եւ Թեմական խորհրդի ատենապետն ընդունեցին ժողովրդի ցաւակցական խօսքերն ու մաղթանքները:

Գերեզմանատան արարողութիւններին ներկայ էին՝ բարձրաստիճան հրամանատարներ, զինւորականներ եւ պետական պաշտօնատարներ, Իսլ. խորհրդարանում զոյգ հայ պատգամաւորները, թեմիս եկեղեցականաց դասը, նահատակի հարազատները, ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ:

Յատկանշական է, որ Հրաչ Յակոբեանը ծնւել է 1965 թւականին, Նոր Ջուղայում: Նա նահատկւել է 1987 թւականի (իրանական 1366 թ.) ապրիլի 9-ին, Ղասրէ Շիրինի մօտակայքում ընկած Բաբա Հադի բարձունքների ազատագրման նպատակով իրականացւած «Քարբալա 9» ռազմական գործողութեան ընթացքում, սակայն նահատակի դիակի չգտնւելու պատճառով, նա երկար տարիներ համարւել է պատերազմի անյայտ կորած: Նրա դին գտնւել է 2012 թւականին նշւած բարձրունքների վրայ իրականացւած որոնման աշխատանքների արդիւնքում, սակայն ինքնութիւնը պարզ չլինելու պատճառով, որպէս անյայտ նահատակ ամփոփւել է Զահեդան քաղաքի Ազատ համալսարանի շրջափակում, 2013 թւականին: Վերջերս իրականացւած ԴՆԹ թեստի միջոցով յաջողւել է պարզել խիզախ հայորդու ինքնութիւնը:

Հայցում ենք Բարձրեալին նահատակի հոգին երկնային խաղաղութեան մէջ հանգչեցնի:


Թղթակից (Նոր Ջուղա)