Ուրբաթ 2020 թւականի ապիլի 24-ի առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 6:00-ը ժողովրդական ծաղկեմատոյց տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում վեր խոյացած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ:

Ժամը 11:00-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ, թեմի ազգային մարմինների եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները մասնակցելով ծաղկեմատոյցի արարողութեանը, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանութեան Սրբազան Նահատակների յիշատակին:

Շահինշահրում նոյնպէս տեղի ունեցաւ ծաղկեմատոյցի արարողութիւնը: Սկզբում համայնքի հոգեւոր հովիւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով «Սրբոց Վարդանանց» եկեղեցու շրջափակում գտնւող Ապրիլեան յուշարձանի առջեւ կատարւեց Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, ապա Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան, Հայ Դատի գրասենեակի, համայնքի դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներն ու ժողովուրդն իրենց ծաղիկները զետեղեցին յուշարձանի առջեւ:

Հարկ է նշել, որ անցնող օրերի ընթացքում, Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի Սպահանի հայոց թեմի ոգեկոչման յանձնախմբի միջոցով, զանազան տեղեկատւական ու պահանջատիրական նիւթեր, ինչպէս նաեւ համայնքի միութիւնների, երգչախմբերի եւ անհատների գեղարւեստական կատարումները տեղադրւեցին համացանցում՝ սոյն յանձնախմբին պատկանող էջերում:


Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի թղթակիցներ