22 ապրիլ 2014

ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Երեքշաբթի՝ ապրիլի 22-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի փոքր սրահում, տեղի ունեցաւ նկարչութեան եւ ձեռարւեստի ցուցահանդէս՝ Հայոց ցեղասպանութեան թեմայով: 

Ցուցահանդէսի բացումը ներկայութեամբ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, Ոգեկոչման յանձնախմբի եւ համայնքի անդամների, կատարւեց Ոգեկոչման յանձնախմբի նախագահ Էդւին Բաբումեանի եւ հայոց դպրոցի աշակերտների ձեռամբ: Սրահի պատերը ծածկւած էին աշակերտ-ուհիների եւ համայնքի երիտասարդների նկարած պատկերներով. բոլորն ինչ որ կերպ իրենց զգացումները թղթին յանձնելով՝ նկարագրել էին վայրագ թուրքին, մեր անմեղ ժողովրդին՝ Սիրիոյ աւազների վրայ, Արարատ լեռը եւ մեր եռագոյն դրօշը: Այցելուն դիտելով այդ նկարչութիւնները, մի պահ ոգեւորւածութեամբ եւ յոյսով լցւած մտածում էր՝ կան եւ շարունակւելու են լինել սերունդներ, ովքեր պահանջելու են մեր արդար իրաւունքների վերականգնումը եւ անտարբեր չեն մնալու Հայոց ցեղասպանութեան նկատմամբ:

Յանձնախմբի գեղեցիկ մտայղացումով, սրահում ցուցադրւում էր Եղեռնին նւիրւած տեսանիւթեր եւ սփռւում երգեր, որոնք մթնոլորտը դարձրել էր աւելի յուզիչ:

 

23 ապրիլ 2014

ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ

Ապրիլի 23-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի բակում, Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ ի մի եկած հայորդիները նախ մասնակցեցին Հոգեհանգստեան արարողութեանը, որը կատարւեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ եւ Շահինշահրի «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ: Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, Յանձնախմբի անդամ օրդ. Էդնա Խաչիկեանը բացման խօսք արտասանեց եւ վարեց համահաւաքի ընթացքը: Օրդ. Թանգիկ Թորոսեանն ընթերցեց Հայոց ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի խօսքը, որի մէջ շեշտւել էր հայութեան բեկորների միասնականութեան եւ միահամուռ լինելու անհրաժեշտութիւնը, որով հայ ժողովուրդը կը կարողանայ իր կոչն ուղղել համայն աշխարհին եւ իր ձայնը լսելի դարձնել՝ իր արդար իրաւունքների վերատիրացման նպատակով, այն համոզումով, որ Մեծ եղեռնից վերապրած հայ ժողովուրդն իր եզակի տոկունութեամբ եւ հետեւողականութեամբ ի զօրու է դիմագրաւել Հայ դատի բազմազան ճակատներում նետւած մարտահրաւէրները եւ ծանօթացնել նրա իրաւական արժէքը միջազգային ատեաներում: Օրդ. Թորոսեանը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ Շահինշահրի հայ համայնքի բողոքի ձայնը միացնելով աշխարհասփիւռ հայորդիների ձայնին, կոչ ուղղեց նւիրումի ուխտով շարունակել երթը դէպի ազգային շահերի իրականացման՝ ի սպաս դնելով մեր բոլոր նիւթա-բարոյական զօրութիւնն ու հնարաւորութիւնները, միահամուռ ջանքերով դիմագրաւել նոր մարտահրաւէրները, որով խափանւելու է Թուրքիայի հայահալած ու հակահայ նենգ քաղաքականութիւնը: Նա իր խօսքն աւարտեց՝ «Շուտով կը բացւի հայի արշալոյսը եւ մեր տառապած ազգը տէր կը դառնայ իր ոտնահարւած իրաւունքներին» յուսադրիչ նախադասութեամբ:

Այնուհետեւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ պրն. Մելքոն Շիրւանեանն ընթերցեց Համայնքի վարչութեան կոչը Հայոց ցեղասպանութեան առթիւ, որտեղ ասւել էր. «Գարնանային արեւոտ եւ պայծառ օրը մեզ՝ բոլոր հայ զաւակներիս ստիպում է անդրադառնալ տարիներ առաջ ծագող գարնանը, որը կարմիր ներկւեց ոչ թէ արշալոյսով, այլ մեր անմեղ զոհերի արեամբ: 99 տարիներ անցել են Հայոց ցեղասպանութիւնից, սակայն ոճրագործութեան մոլուցքով խելագարւած թուրքը՝ շարունակում է ուրանալ այս իրականութիւնը եւ կատարելագործել իր հակահայ քաղաքականութիւնը, որի պարզ օրինակն է Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վերջին դէպքերը»: Ապա իր խօսքն ուղղելով աշխարհասփիւռ հայ ժողովրդին, շարունակեց. «Մեր հզօր եւ շեշտակի ձայնը միացնենք բոլոր հայերի ձայնին եւ միասնաբար ու աննահանջ պայքարենք մինչեւ վերջնական յաղթանակ»:

Բողոքի համահաւաքի եւ ծաղկեմատոյցի ընթացքում Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» ու «Մասիս» դպրոցների աշակերտ-ուհիները խմբերգերի եւ ասմունքների կատարումով իրենց բողոքի խօսքն ուղղեցին բռնակալ թուրք պետութեանը: 

Այս տարի Ոգեկոչման յանձնախմբի յատուկ դասաւորումով ապահովւել էին ծաղիկներ, որոնցով բոլոր կազմերը, միութիւնները եւ դպրոցները կատարեցին ծաղկեմատոյց: Ծրագրի պաշտօնական բաժնից յետոյ ծաղկեմատոյց կատարեցին նաեւ միջոցառմանը ներկայ համայնքի անդամները եւ մոմեր վառեցին զոհերի յիշատակին: Համահաւաքից յետոյ դպրոցի սրահում սկիզբ առաւ Քեսաբի դէպքերի թեմայով կլոր սեղան, որը թէեւ երիտասարդական էր, սակայն հրաւիրւեցին բոլոր ներկաները՝ մասնակցելու ձեռնարկին:

Կլոր սեղանը վարեցին երիտասարդներ Նինել Աբրահամեանը եւ Վահէ Թահմազեանը: Ծրագրի հիմնական նիւթն էր Բերիոյ հայոց թեմի հայաբնակ Քեսաբ քաղաքը եւ վերջին շրջանում Թուրքիայի պետութեան կողմից այնտեղ իրագործւած դաժան գործողութիւնները: Պաստառի վրայ ցուցադրւող սահիկներին եւ տեսանիւթին զուգահեռ ամփոփ կերպով ներկայացւեց Քեսաբի պատմականը եւ քննարկւեցին վերջին իրադարձութիւնների բերումով լրատւամիջոցներում տարածւած սխալ տեղեկութիւնները:

 

24 ապրիլ 2014

ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՀԱՒԱՔ

Հինգշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ նւիրւած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Արարողութիւնից յետոյ հոգշ. Հայր Սուրբն իր պատգամաը փոխանցեց ներկաներին, իր խօսքն սկսելով երգի գեղեցիկ եւ իմաստալից բառերով. «Որքան էլ որ պարիսպները մեզ բաժանեն մեր երկրից՝ հրով լինի, սրով լինի, խաչով լինի, գրչով լինի պիտի գնանք վաղ թէ ուշ»: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանութիւնից 99 տարիներ անցնելով հանդերձ, դեռեւս Թուրքիայի պետութիւնը չի դադարեցրել իր վայրագութիւնները եւ այս անգամ օգտագործելով առիթը, իր նենգ քաղաքականութիւնը շարունակում է Սիրիայում եւ յատկապէս Քեսաբում:

Հոգշ. Հայր Սուրբն իր խօսքերի աւարտին գնահատեց Ոգեկոչման յանձնախմբի աշխատանքները եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան հովանաւորութիւնը՝ ծրագրերի իրականացման համար, նաեւ համայնքի այն անդամներին, ովքեր իրենց բոլոր գործերը մէկ կողմ թողած գիտակից կերպով մասնակցեցին ոգեկոչման ծրագրերին:

Հոգշ. Հայր Սուրբի խօսքերից յետոյ, նկատի ունենալով որ այս տարի քայլերթ կատարելու արտօնութիւն չէր տրւել պետական մարմինների կողմից, նոյն դպրոցի շրջափակում եւ մուտքի առջեւ հաւաքւած պահանջատէր հայորդիները բռունցքերը բարձրացրած իրենց բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը միացրին աշխարհի բոլոր հայերի ձայնին: Վերջում պրն. Էդւին Բաբումեանի միջոցով ընթերցւեց Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող պարսկերէն լեզւով բանաձեւը եւ «Սարդարապատ» երգի միասնական կատարումով աւարտւեց հաւաքը:

 

25 ապրիլ՝ 2014

ԳԵՂԱՐՒԵՍՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՆՒԻՐՒԱԾ ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻՆ

Ուրբաթ՝ ապրիլի 25-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում տեղի ունեցաւ դասախօսութիւն եւ գեղարւեստական ծրագիր՝ նւիրւած Ապրիլեան եղեռնի զոհերի անմոռաց յիշատակին: Ծրագրին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, միութիւնների եւ համայնքի անդամները: Ձեռնարկի բացումը կատարեց օրդ. Էդնա Խաչիկեանը եւ բեմ հրաւիրեց օրւայ բանախօս, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի ուսուցչուհի՝ տկն. Վիոլեթ Յարութիւնեանին:

Յարգելի բանախօսը գեղեցիկ եւ ամփոփ կերպով անդրադարձ ունեցաւ Հայոց ցեղասպանութեանն առնչւող ճանաչման եւ հատուցման երկու տարբեր բնագաւառներին: Նա անդրադառնալով հայոց կոտորածի եւ իրենց բնօրրանից բռնի տեղահանւելու հետեւանքով աշխարհասփիւռ հայկական գաղօթջախների ստեղծման իրողութեանը, ընգծեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դրան յաջորդող հատուցման ուղղութեամբ բազմակողմանի եւ բազմաբնոյթ աշխատանքների եւ յատկապէս դիւանագիտական գործողութիւնների անհրաժեշտութիւնը, որի համար կարիք են համայն հայութեան ուժերի միաւորումը եւ միասնական ջանքերը:

Բանախօսութիւնից յետոյ ելոյթ ունեցաւ Նոր Ջուղայի տաղանդաւոր երիտասարդ-ուհիների միջոցով կեանքի կոչւած «Ասուպ» երաշժտական խումբը: Կենդանի երաժշտութեան ներքոյ մեներգերով հանդէս եկան Փարելի Թահմազեանը, Անասիկ Յովսէփեանը, Վեհանուշ Խուդաբախշեանը եւ Կարէն Խանլարեանը: Իրենց գեղեցիկ ձայնով մեներգեցին նաեւ Շահինշահրի երիտասարդներից Մարտիկ Յովհաննիսեանը եւ Արութիւն Հախնազարեանը, իսկ ասմունքով՝ Թանգիկ Թորոսեանը:

Կոկիկ ծրագրի աւարտին բեմ հրաւիրւեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Նա իր խօսքի մէջ գնահատեց բանախօսին՝ բովանդակալից նիւթ փոխանցելու համար, նորակազմ «Ասուպ» խմբի բոլոր անդամներին եւ Շահինշահրից մասնակցած անձանց, ովքեր ապրիլեան ուժն ու ոգին ներկաների մէջ առաւել վառ պահելու համար ի գործ դրեցին իրենց լաւագոյն կարողութիւնը: Հոգշ. Հայր Սուրբն արժանի խօսքեր ասաց Ոգեկոչման յանձնախմբին եւ բոլոր այն անձանց, ովքեր իրենց ժամանակն ու ամբողջ հնարաւորութիւնները ի սպաս դրեցին՝ ծրագրերի յաջող իրականացման համար:

Հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ոգեշնչող եւ յուսադրիչ խօսքերով ու կոչով աւարտւեց ծրագիրը:

 

Լուսանկարիչ` Գեւիկ Խաչատրեան