Կիրակի՝ 2014 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Ծաղկազարդի տօնի առիթիւ Ս. Պատարագ մատուցւեց ձեռամբ Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի: Ս. Պատարագին ներկայ էին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, հայոց դպրոցների աշակերտ-ուհիները եւ ուսուցիչները ու մեծ թւով հաւատացեալ ժողովուրդ: Հոգշ. Հայր Սուրբն ինչպէս միշտ իր գեղեցիկ եւ իմաստալից քարոզով օրւայ խորհուրդը փոխանցեց ներկայ հաւատացեալներին՝ անդրադառնալով Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի աւետարանական դրւագին եւ խոնարհութեան եւ աշխարհիկ փառքից ու ժամանակավրէպ հաճոյքներից հեռու՝ պարզունակ կեանք ապրելու օրինակը վերարժեւորեց՝ Քրիստոսի կեանքի օրինակով, եւ յորդորեց հաւատացեալներին՝ Քրիստոսին դիմաւորած եւ օրհներգած մանուկների պէս անմեղանալ եւ սրբացած սրտով ու հոգով ընդունել աշխարհի Փրկչին իրենց կեանքում: Հոգշ. Հայր Սուրբն իր խօսքի մէջ նաեւ Քրիստոսի բերած ուրախութեան եւ նոր կեանքի խորհրդանիշ համարելով ձիթենեաց կանաչ ճիւղերը՝ աղօթեց, որ տուն տարւելիք ճիւղերի հետ միասին Քրիստոսի նոր շունչն ու լոյսը տարածւի հաւատացեալների տներում:

Ս. եւ անմահ Պատարագի աւարտին Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամուհիների միջոցով զարդարւած ձիթենու ճիւղերն օրհնւեցին հոգշ. Հայր Սուրբի միջոցով եւ բաժանւեցին ներկայ հաւատացեալների միջեւ, ովքեր այն տուն տարան ջերմեռանդութեամբ եւ այն խոր համոզումով, որ այդ օրհնութիւնը լինելու է նաեւ իրենց տան վրայ:

Ծաղկազարդը կոչւում է նաեւ Գալուստ՝ որպէս Փրկչի մեսիաբար Երուսաղէմ գալուստի եւ չարչարանքների խորհրդանիշ: Այս պատճառով՝ դրան կցւում է նաեւ Քրիստոսի երկրորդ կամ վերջին գալստեան յիշատակը, որը կատարւում է երեկոյեան պաշտամունքի ժամանակ՝ ի պատկեր վերջին դատաստանի եւ աստւածային արդարութեան: Կիրակի երեկոյեան՝ բազմաթիւ հաւատացեալների ներկայութեամբ, տեղի ունեցաւ Դռնբացէքի խորհրդաւոր արարողութիւնը, որի ընթացքում հոգշ. Հայր Սուրբը երգեց «Բա՜ց մեզ, Տէ՜ր» յուզիչ շարականը եւ խորհուրդ արած կանանց միջոցով բացւեց 40 օրից ի վեր փակւած մնացած Ս. Խորանի վարագոյրը: