Չորեքշաբթի՝ 2014 թւականի մարտի 26-ի առաւօտեան Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւն, որին մասնակցել էին Շահինշահրի համայնքի մեծ թւով անդամներ: Առաւօտեան արարողութիւնից յետոյ, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի փոքր սրահում տեղի ունեցաւ գեղեցիկ միջոցառում՝ Միջինքի առիթով, որին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները եւ Շահինշահրից ու Նոր Ջուղայից ի մի եկած հաւատացեալ հայորդիներ:

Ծրագրի բացումը կատարեց Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախագահ տկն. Անահիտ Օհանեանը, ով իր խօսքում նախ շնորհաւորեց ներկաների գարունը, ցանկանալով բոլորի կեանքի համար գարնան թարմութիւն եւ ծաղկունք, ապա ամփոփ բացատրութիւն տալով Միջինքի աւանդութիւնների մասին, այսպէս ասաց. «Միջինքը եկեղեցական օրացոյցի համաձայն որեւէ բացատրութիւն չունի եւ պարզապէս ցոյց է տալիս թէ Մեծ պահքը արդէն իր կէսին է հասել: Սակայն ժողովուրդն այդ օրը յիշում է յատուկ գեղեցիկ եւ հետաքրքիր սովորութիւններով, որոնցից բախտախաղը մինչեւ այժմ պահպանւել է»: Տկն. Օհանեանը պատմեց, որ անցեալում բաղարջ էր թխւում եւ մէջը ոսկի կամ դրամ դրւում, որն ում որ բաժին հասնէր՝ այդ տարւայ առատութիւնը նրան էր վերագրւում: Նա վերջում ցանկացաւ, որ աւանդութիւնները պահպանւեն եւ փոխանցւեն նոր սերնդին:

Շարունակութեան մէջ խօսեց հոգշ. Հայր Սուրբը: Նա եւս իր հերթին շնորհաւորեց բոլորի գարունը եւ յայտնեց՝ թէ Միջինքը առիթ է հաւատացեալներին յիշեցնելու իրենց արարքների մասին պահեցողութեան ժամանակաշրջանում: Հոգշ. Հայր Սուրբը շեշտեց, որ իսկական քրիստոնեայի համար ամէն օր պահեցողութեան օրեր եւ աղօթքի պահեր են եւ հաւատացեալը պէտք է ամէն օր իր սիրտն ու հոգին մաքուր պահի: Նա իր խօսքը շարունակեց ասելով. «Այնպէս ինչպէս մենք մեր տները մաքրում եւ պատրաստում ենք հիւր ընդունելու, առաւել եւս պէտք է նախապատրաստւել եւ սրբացած վիճակով դիմաւորել Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը՝ Քրիստոսին արժանի կերպով մեզ հիւր կանչելու համար»: Նա վերջում գնահատեց Կանանց միութեան տարած բոլոր աշխատանքները, ինչպէս նաեւ Միջինքի առիթով կազմակերպած միջոցառման առթիւ, ցանկանալով նրանց ուժ, կորով եւ երկար տարիների խանդավառ աշխատանք, ապա իր շնորհակալական խօսքերն ուղղեց Շահինշահրի հայ համայնքի վարչութեանը, որը միշտ թեւ եւ թիկունք է կանգնում ծրագրերի իրականացման գործում: Հոգշ. Հայր Սուրբի արտայայտութիւններից յետոյ անակնկալ կերպով նշւեց տիրացու Ռազմիկ սրկ. Գալստանեանի ծննդեան օրը եւ շնորհաւորանքներ փոխանցւեց նրան: 

Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան անդամուհիները Փերիայի մախոխով, Չհարմահալի բանջարի ապուրով եւ փարինջէ փլաւով ճաշի սեղան էին պատրաստել, որից համտեսեցին բոլոր ներկաները, որից յետոյ Փերիայի եւ Չհարմահալի տարազներով երկու կանայք Միջինքի բախտախաղի կարկանդակ բաժանեցին ներկաներին:

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ պրն. Մելքոն Շիրւանեանն եւս իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Կանանց եկեղեցասիրաց միութեանը՝ բոլոր ազգային, մշակութային եւ աւանդական տօնախմբութիւնները նշելու նախանձախնդրութիւն ունենալու կապակցութեամբ: Ապա տկն. Քարմէն Շահիջանեանը հանդէս եկաւ «Նւէր սփիւռքահայերին» գեղեցիկ ասմունքով:

Վերջում Կանանց միութեան նախագահ տկն. Օհանեանը յատուկ շնորհակալութիւն յայտնեց Շահինշահրի «Նարեկ» երգչախմբի անդամուհիներին՝ եկեղեցական արարողութիւններին եւ յատկապէս Մեծ պահոց ժամանակաշրջանում ամենօրեայ ներկայութեան եւ եկեղեցական երգեցողութիւնները կատարելու համար: