Իրանահայ Անի Մինասեանը մասնակցելով Հայաստանի կրթութեան ու գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կազմակերպած «Իմ Սարեանը» խորագիրը կրող համահայկական մանկա-պատանեկան նկարչական 9-րդ մրցոյթ-փառատօնին՝ արժանացաւ սոյն միջոցառման հիմնական մրցանակին: 

Հայ Մեծագոյն նկարիչներինց Մարտիրոս Սարեանին նւիրւած «Իմ Սարեանը» նկարչական մրցոյթ-փառատօնը կազմակերպւեց  2019 թւականին, որին աւելի քան 2000 աշխատանքներով մասնակցութիւն ունեցան 6-18 տարեկան մանուկ-պատանիներ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից (21 երկրների հայկական համայնքներից): Մրցոյթ-փառատօնի մասնագիտական յանձնաժողովի տեսակէտի համաձայն՝ ներկայացւած աշխատանքներից ընտրւեցին 800-ը, որոնք ոչ միայն ցուցադրւեցին նոյեմբերին կայացած ցուցահանդէսում, այլեւ տպագրւեցին 9-րդ մրցոյթ-փառատօնի պատկերագրքում: Ներկայացւած աշխատանքների շարքում աչքի էին ընկնում կերպարւեստի բոլոր ճիւղերից գործեր՝ գեղանկարներ, խճանկարներ, կոլաժներ, փայտէ խորափորագրութիւններ եւ այլն: Իսկ միջոցառման  2-րդ փուլ թեւակոխած աշխատանքներից ընտրւեցին մրցանակակիրները, որոնց շարքում է գտնւում նորջուղայեցի պարմանուհին՝ Անի Մինասեանը: 

Անի Մինասեանը ծնւել է 2005 թւականի յուլիսի 3-ին, Նոր Ջուղայում: Սովորում է Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի 9-րդ դասարանում: Մանուկ հասակից նա յատուկ սէր է ցուցաբերել նկարչութեան արւեստի նկատմամբ, իսկ շուրջ երկու տարի է, որ մասնակցելով նկարիչ-արւեստագէտ Մետաքսիա Միրզայեանսի դասընթացներին, առաւել հմտութիւններ է ձեռք բերել այս ասպարէզում եւ լրջօրէն զբաղւում է գեղանկարչութեամբ: 

Յատկանշական է, որ «Քանանեան-Կատարիեան» դպրոցի կողմից թւով հինգ նկարչութիւններ մասնակցել էին «Իմ Սարեանը» մրցոյթ-Փառատօնին, որոնցից Անին արժանացաւ մրցանակի:

Թղթակից (Նոր Ջուղա)