Ս. Ստեփանոս Նախավկայի, հայ եկեղեցու սարկաւագների եւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, երեքշաբթի՝ 2019 թւականի դեկտեմբերի 24-ի առաւօտեան, վերոնշեալ եկեղեցում, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու թեմի եկեղցական դասի մասնկցութեամբ: 

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Քահանայ հայրը տօնին պատշաճ իր քարոզում անդրադառնալով առաջին մարտիրոս Ս. Ստեփանոս Նախավկայի կեանքին ու կամքի հզօրութեանը, անդրադարձաւ յատկապէս սարկաւագների տօնին եւ աւելացրեց, որ Նոր Ջուղայի համար մեծ պատիւ է՝ եկեղեցիներում ծառայող երիտասարդ սարկաւագներ ունենալը: 

Պատարագի աւարտին Ս. Ստեփանոսի աջով տեղի ունեցաւ Ջրօրհնէքի արարողութիւնը:

Այնուհետեւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ եկեղեցու սրահում իրականացւեց միջոցառում, որը վարեց Վեհանուշ Խուդաբախշեանը: Սկզբում հաղորդավարն ընթերցեց Ս. Ստեփանոս Նախավկայի կենսագրականը, ապա Եկեղեցեաց վարչութեան անունից տօնի առթիւ ելոյթ ունեցաւ Լիդա Սիմոեանը: Ծրագրի շարունակութեան մէջ խօսքերով հանդէս եկան Սամսոն սրկ. Զարգարեանն ու Ջանի սրկ. Ղազարեանը, ասմունքեց Ն.Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամուհի Ստեփանիա Յակոբեանը, իսկ երգերով ելոյթ ունեցան Ռիմա Մարկոսեանն ու Արա սրկ. Բաղումեանը:

Միջոցառման աւարտին իր հայրական օրհնանքը փոխանցեց գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, որտեղ շնորհաւորելով առիթի՝ ի մասնաւորի սարկաւագների տօնի կապակցութեամբ, շնորհակալական խօսք ուղղեց արարողութեան ու միջոցառման կազմակերպիչներին ու դերակատարներին: Նա սարկաւագներին մաղթեց յաւելեալ գիտակցութիւն, պարտաճանաչութիւն եւ նւիրում եկեղեցուն, ժողովրդին կոչ արեց՝ առաւել չափով գնահատեն սարկաւագների աշխատանքը, իսկ վերջում մաղթեց, որ սարկաւագների եւ հաւատացեալ ժողովրդի միջեւ կապը առաւել սերտանայ եւ դառնայ ընտանեկան կապի նման:

Թղթակից (Նոր Ջուղա)