Իրանահայ լուսանկարիչ Սեւակ Ալեքսանդրեանը, վերջերս իր հեղինակած երեք լուսանկարներով մասնակցել է Սպահանում կայացած «Բնութեան մեղեդի» խորագրով լուսանկարչական ցուցահանդէսին, որի արդիւնքում յիշեալի նշւած աշխատանքները ոչ միայն արժանացել են մասնագէտների ու արւեստի սիրահարների բարձր գնահատանքին, այլեւ լուսանկարներից մէկը իրաւարար կազմի կողմից ճանաչւել է որպէս ցուցահանդէսի լաւագոյն աշխատանք եւ Սեւակը թոյլտւութիւն է ստացել առաջիկայ սեպտեմբերին մասնակցելու Թուրքիայի Իզմիր քաղաքում կայանալիք իրանցի լուսանկարիչների ցուցահանդէսին: 

Իզմիրի ցուցահանդէսին ներկայացւելիք լուսանկարն ընտրւելու է «Բնութեան մեղեդի»-ում ցուցադրւած երեք աշխատանքներից՝ հեղինակի եւ կազմակերպիչների համախորհուրդ որոշման արդիւնքում: 

Սեւակ Ալեքսանդրեանը ծնւել է 1972 թւականին Աբադանում: Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին ծնողների հետ տեղափոխւել է Շահինշահր, իսկ յետագային՝ Նոր Ջուղա: Նա լուսանկարչական արւեստով զբաղւել է դեռ պատանի հասակից, ապա 2014 թւականից աւելի է մասնագիտացւել այս ոլորտում՝ մի շարք ուսուցողական դասընթացների մասնակցելով: Թէեւ Սեւակը լուսանկարում է զանազան տեսարաններ, սակայն նրա հիմնական նախասիրութիւնը՝ իր այս արւեստի միջոցով բնութեան տարբեր երեւոյթների ու հինաւուրց շինութիւնների ու կոթողների յաւերժացումն է:

Լուսանկարիչը մասնակցել է մի շարք այլ ցուցահանդէսների ու փառատօների, որոնց շարքում կարելի է նշել յատկապէս կինոռեժիսոր Զաւէն Ղուկասեանի յիշատակին կազմակերպւած հայ լուսանկարիչների գործերի եւ իրանական ընթացիկ տարւայ խորդադին տեղի ունեցած ձեռարւեստի ցուցահանդէսները: Հարկ է նշել, որ ձեռարւեստի ցուցահանդէսին ներկայացրած Սեւակի լուսանկարը նոյնպէս արժանացել է «Լաւագոյն աշխատանք» անւանակարգի մրցանակին: 

Յաջողութիւն ենք մաղթում տաղանդաւոր արւեստագէտին եւ մաղթում՝ կանաչ ճանապարհ:

Թղթակից (Նոր Ջուղա)