Իրանի Իսլ. Խորհրդարանի 10-րդ նստաշրջանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորութեան թեկնածու Ժորժիկ Աբրահամեանի նախընտրական հանդիպումների մեկնարկը տրւեց Շիրազի «Հայ տուն» կենտրոնում, ուրբաթ՝ փետրւարի 19-ի առաւօտեան ժամը 10:30-ին, սոյն քաղաքի հայ համայնքի անդամների ներկայութեամբ:

Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց թեկնածուի ընտրական շտաբի պատասխանատու Վահէ Թորոսեանը, ապա Ժորժիկ Աբրահամեանն իր ուրախութիւնը յայտնելով՝ իր նախընտրական առաջին հանդիպումը Շիրազի հայ համայնքի ժողովրդի հետ իրականացնելու առիթով, մտերմիկ զրոյց ծաւալեց նրանց հետ, որի ընթացքում թեկնածուն պատասխանեց ներկաներին յուզող հարցերին, լսեց նրանց տեսակէտները, մտահոգութիւններն ու դժւարութիւնները համայնքային մակարդակով, ինչու չէ նաեւ ներկայացրեց իր ապագայ գործունէութիւնը՝ խորհրդարանի պատգամաւոր ընտրւելու պարագայում:

«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)