Ուրբաթ, 2016 թ. փետ. 5-ի երեկոյեան, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան կողմից նշանակւած յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր գեղեցիկ տարազահանդէս եւ ուրախ տօնախմբութիւն՝ Բուն Բարեկենդանի առիթով՝ համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում:

Տօնախմբութեանը, համայնքի անդամներից բացի, ներկայ էին նաեւ Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Հայ Համայնքի Վարչութիւնը, դպրոցի Ուսուցչական կազմը, Ծնողական խորհուրդը եւ միութիւնների ներկայացուցիչները:

Դահլիճը մուտք գործելուն պէս հանդիսատեսի աչքի առջեւ բացւում էր ճաշակով զարդարւած բեմը՝ բազմերանգ պատկերներով, ժպտուն խաղալիքներով ու համեղ մրգերով:

Օրւայ բեմավարն էր հայոց դպրոցի ուսուցչուհի Անահիտ Այւազեանը, որը բարի գալուստ մաղթելով բոլորին՝ գեղեցկօրէն ներկայացրեց Բուն Բարեկենդանի խորհուրդը՝ իր խօսքում նշելով, որ «Բարեկենդանի արմատները հասնում են մեր բնապաշտպանական շրջանի ժամանակ, դա զարթօնքի տօնակատարութիւն է, գարնան զարթօնքի: Քրիստոնէութիւնը վերափոխեց ժողովրդական տօնացոյցը, սակայն ժողովրդական տօնահանդէսները գոյատեւեցին զուգահեռ: Տօնակատարութեան անբաժանելի մաս են կազմում զւարճալի խաղերը, որոնցից բացի տեղի էին ունենում հիմնական արարողակարգեր, թատերախաղեր, որոնք մեր հին Հայաստանում՝ Պատմական Հայաստանում, սկսած Վանից, Մշոյ աշխարհից, Սասունից, Ջաւախքից, պատմական Գանձակից, Արցախից եւ այլուր, իւրաքանչիւրն ունէր իր անւանումը, սակայն սոցիալական առումով համարեա թէ նոյն բովանդակութիւնը»։

Այնուհետեւ բեմավարը տարիքային կարգով բեմ հրաւիրեց տարազ հագած մանուկ-պատանիներին՝ ներկայացնելով նրանց անունն ու հագած տարազը: Նրանցից իւրաքանչիւրը հանդիսատեսին ներկայացնում էր հեքիաթային կամ մուլտֆիլմի մի հերոսի ու կերպարի:

Ծրագիրն աւելի հաճելի էր դարձրել նաեւ պրն. Լէօ Շիրւանեանի պատասխանատւութեամբ հնչող հայկական ուրախ երգ ու երաժշտութիւնը:

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝

Վ. Յարութիւնեան