Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ, յունիսի 14-ի յետմիջօրէի ժամը 5:00-ին, տօնակատարւեց «Երեխաների պաշտպանութեան միջազգային օր»-ը:

Մանկական ուրախ երաժշտութեան հնչիւնների ներքոյ, «Ս. Վարդանանց» դպրոցի փոքր սրահում հիւրընկալւեցին Շահինշահրի Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները, ինչպէս նաեւ «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների առաջինից մինչեւ հինգերորդ դասարանների աշակերտները: Ներկաներին ողջունեց Մշակութային միաւորի անդամ տկն. Մարիա Խուդավերդեանը, ով շնորհաւորելով երեխաների տօնը՝ մաղթեց առողջութիւն, ուրախ եւ անհոգ մանկութիւն: Հաղորդվարը նշեց, որ երեխաներին ողջունելու է եկել Շահինշահրի Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչուհի տկն. Էմմա Օրդուբեգեանը, ում գրած մանկական 40 բանաստեղծութիւնները տպագրւել է 2012 թւականին, «Հայ մանկան տարւայ» առիթով՝ «Մանկական երազ» գրքում: Այնուհետեւ օրւայ առիթով խօսքը փոխանցելու համար հրաւիրեց սիրելի ուսուցչուհուն:

Տկն. Էմման նախ շնորհաւորեց երեխաներին տօնի առիթով եւ նշեց. «1950 թւականից աշխարհի տարբեր երկրներում նշում են այս գեղեցիկ տօնը, որը մեծերիս յիշեցնում է երեխաների իրաւունքների մասին՝ դպրոց գնալու, սովորելու եւ ապրելու ապահով ընտանիքներում եւ հանգիստ միջավայրում: Ոչ ոք իրաւունք չունի ձեր նկատմամբ ուժ գործադրելու եւ որ դուք պաշտպանութեան եւ առաւել հոգատարութեան կարիք ունէք, եւ մենք մեծերս երբէք չպէտք է մոռանանք, որ այս հողագնդի ապագան, սիրելի փոքրիկներ, ձեր ձեռքերում է»:

Տօնի առիթով պատրաստւել էր գեղեցիկ պատկերով կարկանդակ, որի մօտ համախմբւած լուսանկարւեցին: Երեկոն հաճելի եւ անմոռանալի դարձնելու համար անցկացւեցին հետաքրքիր մրցութիւններ եւ ուրախ խաղեր: Յաղթողներին սպասւում էր անակնկալ նւէրներ:

Մշակութային միաւորի անդամները երեխաների համար պատրաստել էին հիւրասիրութիւն: Խնջոյքի ընթացքում տիրում էր ջերմ մթնոլորտ: Երեխաներն ուրախ ու անկաշկանդ պարում էին: Վերջում մասնաճիւղի վարչութեան կողմից երեխաներին նւիրւեց մանկական 4 ֆիլմեր պարունակող մէկական DVD: