Շաբաթ՝ 2015 թւականի յունիսի 6-ը համընկնում էր Ս. Գրիգոր Լուսաւորիչ բազմաչարչար հայրապետի վիրապից դուրս բերւելու տօնին: Առ այդ Կիրակի՝ յունիսի 7-ին, Նոր Ջուղայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն էր միաժամանակ, տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ Պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի: Պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Արարողութեանը ներկայ էին հոգեւորականաց ու դպրաց դասերը եւ համայնքի հաւատաւոր ժողովուրդը:

Յընթացս սուրբ Պատարագի, յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը՝ խօսելով մեր եկեղեցու սուրբ Հայրերի եւ առանձնապէս Ս. Գրիգոր Հայրապետի կրած բազում չարչարանքների եւ յանձն առած զոհողութիւնների մասին, որով լուսաւորւեց, պայծառացաւ եւ առաւել հաստատուն դարձաւ Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին: Առաջնորդ Սրբազան հայրը ներկայացրեց Ս. Գրիգոր Լուսաւորչի դրական ազդեցութիւնները Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի հոգեւոր վերազարթօնքի մէջ եւ յորդորեց բոլորին՝ զօրանալ նոյն հաւատով եւ օրինակ վերցնել մեր եկեղեցու սուրբերի կեանքից՝ յաւիտենական կեանքին արժանի դառնալու համար:

Վերջում թեմակալ առաջնորդը, տօնի առիթով, ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսք ուղղեց եկեղեցու հովւին, Եկեղեցեաց վարչութեանը, դպիրներին, սպասաւորներին, եկեղեցու տիկնանց յանձնախմբին եւ բոլոր հաւատացեալներին:

Ս. Պատարագի աւարտին, Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ հոգեւորականաց եւ դպրաց դասերը թափօր կազմելով հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսաւորչի աջ-մասունքը շրջեցրին եկեղեցու շրջափակում եւ կրկին Ս. Խորան բարձրացան, որտեղ Առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ եւ Լուսաւորչի աջով Ջրօրհնէքի արարողութիւն կատարւեց: Օրհնւած ջուրը բաժանւեց հաւատացեալ ներկաներին, ովքեր այն ընդունեցին խորը հաւատով ու այն համոզումով, որ դա լինելու է դժւարութիւնների փարատում, ցաւերի ու հիւանդութիւնների բժշկում եւ աստւածային օրհնութիւն:

Ս. Պատարագից յետոյ, եկեղեցու սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ ներկայացւեց գեղարւեստական յայտագիր: