Աւագ շաբաթւայ արարողութիւնների շարքը սկսւելով Աւագ երեքշաբթի՝  «Տասը կոյսերի առակ»-ի յիշատակի օրը, 2015 թւականի մարտի 31-ի յետմիջօրէի ժամը 5:00-ին, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին, Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու եւ Ս. Մինաս եկեղեցիներում տեղի ունեցաւ եկեղեցական արարողութիւն, որին մասնակցել էին երիտասարդուհիներ՝ ներկայացնելով առակի տասը կոյսերը:

Առաջնորդ Սրբազան Հայրը նախագահեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում կատարւող արարողութիւնը, որի ընթացքում ընթերցւեցին ստեղծագործութեան եւ Նոյ նահապետի ու Ջրհեղեղի աստւածաշնչական դրւագները, աստւածապաշտութեան ճանապարհին իմաստութեան կարեւորութիւնը շեշտող սուրբ-գրային հատւածներ եւ երկնքի արքայութեան մասին Յիսուսի պատմած «Տասը կոյսերի առակ»-ի աւետարանական բաժինը: Վերջին ընթերցման պահին, եկեղեցական շապիկ հագած տասը երիտասարդուհիներ՝ առակի տասը կոյսերը ներկայացնելով, իրենց ձեռքում ունենալով մոմեր, որոնք խորհրդանշում էին փեսային դիմաւորելու ընթացքում կոյսերի վերցրած լապտերները, կանգնեցին եկեղեցու դասի առջեւ: Նրանցից ոմանք, որոնց յիմար վիճակը բաժին հասաւ, մարեցին իրենց մոմերը, պատկերաւոր կերպով առակը ներկայացնելով:

Թեմակալ առաջնորդը, եկեղեցական արարողութեան աւարտին ներկաներին ու յատկապէս մասնակից երիտասարդուհիներին փոխանցեց իր պատգամը: Նա շեշտելով, որ եկեղեցական արարողութիւններին մասնակցելն ինքնին իմաստութեան նշան եւ ապացոյց է, գնահատեց իմաստուն եւ յիմար կոյսերը ներկայացնողներին, եւ բացատրելով առակի իմաստը, թելադրեց՝ միշտ արթուն ու պատրաստ լինել Տիրոջ ուրախութեանը մասնակից լինելու եւ Նրան դիմաւորելու, ասելով, որ պատրաստութիւնը պէտք է լինի ամբողջ կեանքի ընթացքում՝ առաքինութեամբ եւ Աստծու պատւիրանների համաձայն ապրելով: