Կիրակի՝ 2015 թւականի մարտի 29-ի յետմիջօրէի ժամը 5:00-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Աստւածածին, Ս. Յովհաննու եւ Ս. Մինաս եկեղեցիներում տեղի ունեցաւ Աւագ Շաբաթը նախորդող արարողութիւնը՝ «Դռնաբացէք»-ը: Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքում Հայոց եկեղեցիների խորանի փակ մնացած վարագոյրը յընթացս հոգեպարար արարողութեան, հանդիսաւորապէս բացւեց՝ Երկնքի արքայութեան դռները խորհրդանշելով՝ որը բացւելու է ապաշխարութեամբ եւ սրբւելով՝ ինչը նպատակ եւ իմաստն է Մեծ պահոց ժամանակաշրջանի:

Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում արարողութիւնը նախագահեց եւ կատարեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը: Շարականների երգեցողութիւնը կատարեց «Շուշանիկ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Անուշ Յովհաննիսեանի: Ներկայ էին բազում հաւատացեալներ, ովքեր ունկնդիրն եղան օրւայ առթիւ արարողութեան կանոնի մէջ տեղ գտած գեղեցիկ շարականների, աղօթքների եւ աւետարանական ընթերցումների, որոնք պատկերելով Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ՝ Նրա կատարած հրաշքներն ու փոխանցած աստւածային ուսուցումներն էին յուշում:

Բազմաթիւ աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, թեմակալ առաջնորդը Ս. Խորան բարձրացաւ եւ փակ վարագոյրի առջեւ ծունկի եկած, բախեց երկնային արքայութեան դռները եւ «Բա՜ց մեզ, Տէ՜ր, զդուռն ողորմութեան...» հոգեզմայլ շարկանի երգեցողութեամբ, Բարձրեալ Աստծուց Իր գթառատութիւնն ու ողորմածութիւնը հայցեց՝ որպէսզի Նա ընդունի մեր բոլորի ապաշխարանքն ու պահեցողութիւնը, Իր արքայութեան դռները բանայ մեզ վրայ եւ մեզ արժանի դարձնի Իր երկնային արքայութեան մէջ օթեւանելու, որը «սկզբից իսկ պատրաստւել է անարդարների համար»: «Զողորմութեան Քո զդուռն բա՜ց մեզ...» շարականով բացւեց Քառասնորդաց պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը եւ Ս. Սեղանի առջեւ ընթերցւեց արարողակարգի վերջին աւետարանական հատւածը:

Արարողութեան աւարտին գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանն իր հայրական պատգամը փոխանցեց ներկայ հաւատացեալներին: Նա բացատրելով օրւայ խորհուրդը, յարութիւնից առաջ մի քանի օրերի ընթացքում Քրիստոսի կատարած գործերի եւ ուսուցումների իմաստը տեսաւ մարդու հոգու եւ մտքի աչքերը բանալու եւ մաքրագործելու երեւոյթի մէջ, ասելով, որ կոյրի աչքերին լուսաւորութիւն շնորհելը, Տաճարի մաքրագործումը առեւտրականներից ու վաճառականներից խորհրդանշում են մարդու ներաշխարհի, հոգու եւ մտքի սրբագործումն ու ազատագրումը մեղքի կապանքներից, որն անհրաժեշտ պայման է երկնային արքայութեան մէջ մուտք գործելու համար: Առաջնորդ Սրբազան Հայրը յորդորեց բոլորին՝ լայն բանալ իրենց հոգիներն ու սրտերը՝ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսին այնտեղ ընդունելու համար: