Կիրակի՝ մարտի 29-ի առաւօտեան, մեծ հանդիսութեամբ եւ հաւատացեալ ժողովրդի բուռն մասնակցութեամբ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում նշւեց Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակը՝ Ծաղկազարդ տօնը:

Ս. Մինաս եկեղեցում մատուցւող Ս. պատարագին նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն արքեպս. Չարեանը: Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում անդրադառնալով Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքին, համեմատութեան կարգով զուգահեռներ անցկացրեց այդ իրադարձութեան ու գարնան եղանակի միջեւ՝ շեշտելով, որ ինչպէս գարունը յաղթական մուտք է գործում եւ ծաղկազարդում է ամէն տեղ, Քրիստոսը նոյնպէս յաղթական մուտք գործեց մարդկանց հոգիներում ու սրտերում եւ ծաղկազարդեց այն:

Թեմակալ առաջնորդն իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց. «Ծաղկազարդը մեզ պատգամում է, թէ այսօր մենք որքանով ենք պատրաստ  մեր սրտերն ու հոգիները բանալու Քրիստոսի առջեւ: Այսօր մենք որքանով ենք պատրաստ մեր մեղքերը փռելու Քրիստոսի առաջ, որպէսզի նա թողութիւն ու քաւութիւն շնորհի դրանց եւ մենք մաքրւած ու սրբւած մեղքերով Տիրոջը դիմաւորենք մեր սրտերում ու հոգիներում եւ լսենք նրա պատգամաները: Այսօր մենք որքանով ենք պատրաստ Քրիստոսի հետ չարչարակից դառնալու, թաղելու  եւ գրեզմանելու մեր բոլոր մեղքերն ու չարութիւնները, որպէսզի Տիրոջ հետ յարութիւն առնենք եւ նոր ու սրբւած մարդ դառնանք»:

Ս. Պատարագի աւարտին, եկեղեցու շրջափակում, շարականի երգեցողութեամբ, տեղի ունեցաւ մանուկների թափօրի արարողութիւնը, որին մասնակից դարձան նաեւ ներկայ հաւատացեալները, այնուհետեւ բոլորը կենտրոնացան եկեղեցու բակում, ուր առաջնորդ Սրբազան Հօր միջոցով տեղի ունեցաւ մանուկների օրհնութիւն:

Յատկանշական է, որ բոլոր եկեղեցիներում ս. պատարագից առաջ օրհնւեցին ուռենու եւ ձիթենու ճիւղերը, որոնք պատրաստւել եւ զարդարւել էին եկեղեցիների Տիկնանց յանձնախմբերի միջոցով: Օրհնւած ճիւղերն արարողութիւնից յետոյ բաժանւեցին ներկայ հաւատացեալներին: