2014 թւականի յունւարի 1-ի առաջին պահերին՝ առաւօտեան ժամը 30 րոպէին, Ս. Ամենափրկչեան Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում, բազմաթիւ հաւատաւոր հայորդիների եւ արտերկրացի քրիստոնեայ զբօսաշրջիկների ներկայութեամբ, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի նախագահութեամբ եւ հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, աղօթք բարձրացւեց առ Աստւած՝ Ամանորի առթիւ:

Առաջնորդ Սրբազան Հայրը գոհաբանական մաղթանք կատերեց տարեմուտի առթիւ եւ իր շնարհաւորանքի խօսքը փոխանցեց բարեպաշտ ժողովրդին: Նա փառք տւեց Աստծուն, որ մեզ արժանի դարձրեց տարեմուտի գեղեցիկ եւ երանական պահին եւ Շնորհալի Հայրապետի բառերը փոխ առնելով՝ աղօթեց, որ Քրիստոսը, որպէս հնութիւնների Նորոգողը՝ նորգի նաեւ մեզ եւ մեր կեանքը՝ նորոգութիւնը անհրաժեշտ նկատելով մեր մարդկային կեանքի մէջ:

Գերշ. Սրբազան Հայրը գնահատեց հաւատացեալների ներկայութիւնն ու մասնակցութիւնը եկեղեցական արարողութեանը՝ Նոր Տարւայ առաջին պահերը Տիրոջ տան մէջ անցկացնելու նպատակով: Նա յիշեց բոլոր ննջեցեալներին, հիւանդներին, տկարներին, աղքատներին ու անկեալներին, որպէսզի Աստւած նրանց արքայութիւն, առողջութիւն եւ վերականգնում շնորհի: Առաջնորդ Սրբազան Հայրն աղօթեց աշխարհի եւ մասնաւորաբար Սուրիոյ, Լիբանանի եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղութեան համար: Աղօթեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան բարձրաստիճան պատասխանատուների համար, որպէսզի պահպանեն իրանեան այս հայրենիքի ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը:

Եկեղեցական Արարողութիւնից յետոյ, առաջնորդ Սրբազան Հայրը, իբրեւ Ամանորեայ նւէր, ներկաներին բաժանեց աղօթագրքեր:

***

Յունւարի 1-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ամանորի առթիւ եպիսկոպոսական Ս. Պատարագ մատուցւեց Ս.Ա. Վանքի եկեղեցում: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, որին սպասարկում էին արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը եւ արժն. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը: Ս. Պատարագի երգեցողութեան բաժինը կատարում էր Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Գերշ. Սրբազան Հայրը Ս. Պատարագի ընթացքում բնաբան ունենալով աւետարանական այն հատւածը, որտեղ ասւում է. «Մեր աչքերն ուղղենք Յիսուսին՝ մեր հաւատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով թէ ինչ ուրախութիւն է սպասում Իրեն, արհամարհեց ամօթը, յանձն առաւ խաչի վրայ մեռնելը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում» (Եբր 12.2), իր հայրական պատգամը փոխանցեց հաւատացեալներին՝ ասելով. «2014 տարին է բացւում մեր առջեւ. նոր հորիզոններ, նոր յոյսեր, նոր մարտահրաւէրներ... Մտաբերենք, որ ամէն օր մի նոր պատերազմի մէջ ենք ներքաշւելու, ամէն օր նոր մրցավազքի մէջ ենք լինելու: Սակայն, եթէ մեր հայեացքը սեւեռենք Յիսուս Քրիստոսին, չենք յուսահատւելու, չենք յոգնելու մեր վազքի մէջ, որովհետեւ այդ վազքը մեզ հասցնելու է դէպի Խաչ՝ վերջնագծին, որից յետոյ նստելու ենք Յիսուս Քրիստոսի կողքին՝ երկնքում, Դրախտում, եւ մեր գործն աւարտին է հասնում եւ շահելու ենք վերջնական յաղթանակը: «Եկէք մեր աչքերը Յիսուսին ուղղենք» 2013 թւականի մայրամուտի եւ 2014 թւականի արշալոյսին: Եւ վստահ լինենք որ, Նա է մեր հաւատի Առաջնորդը, Իրմով միայն կարող ենք ժառանգել յաւիտենական կեանքը եւ Իրմով միայն կարող ենք բարձրանալ եւ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՒԵԼ...: Տօնական այս օրերին մեր պարտքն է մտածելու մեր հարազատների ու բարեկամների մասին, մտածելու նաեւ տկարի, հիւանդի, կարօտեալի մասին, ու աղօթելու նրանց համար եւ օգնելու նրանց, որպէսզի Աստւած նրանց քաջառողջ կեանք եւ հոգեկան խաղաղութիւն եւ անդորրութիւն պարգեւի: Նման հանգրւանում, հարկ է որ յիշենք նաեւ մեր ազգի բոլոր ննջեցեալներին եւ աղօթել նրանց հոգիների խաղաղութեան համար. նրանց, ովքեր անցեալ տարի մեզ հետ էին ու այսօր չկան: Դրանով մենք առաւել կը զօրանանք»:

Ս. Պատարագի ընթացքում Ս. Հաղորդութիւն ստացան ներկայ հաւատացեալները, իսկ արարողութիւնից յետոյ, Ս.Ա. Վանքի դահլիճում Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Ամանորեայ շնորհաւորանքներ: Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախումբն իր ամանորեայ շնորհաւորանքն ընթերցեց, որից յետոյ արտայայտւեց Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը՝ բարեմաղթանքներ կատարելով Նոր Տարւայ առթիւ: Գերշ. Սրբազան Հայրը, այս անգամ մտերմիկ միջավայրում, իր ջերմ շնորահւորանքները փոխանցեց ներկաներին եւ «Կիլիկիա» երգով աւարտւեց խօսքերի շարանը: Ներկայ բազմութիւնը մօտենալով՝ Ամանորի առթիւ շնորհաւորեց Առաջնորդ Սրբազան Հօրը, հոգեւորականաց դասին եւ ազգային իշխանութեան անդամներին:

Տարւայ առաջին օրը, հաւատացեալներն աղօթքով եւ Աստծուն գոհութիւն մատուցելով սկսեցին ուրախութեամբ, սրտի եւ հոգու բաւարարութեամբ, յոյս ունենալով, որ գալիք տարին Աստծու օգնականութեամբ լինելու է խաղաղութեան տարի: