Սգակիր ներկաներ,

2013 թւականի ապրիլի 5-ին, Նոր Ջուղան առյաւէտ կորցրեց իր արժանի զաւակներից մէկին՝ ազգային-հասարակական եւ կրթական գործիչ դկտ. Մեսրոպ Բալայեանին, խորը վիշտ պատճառելով բոլորիս:

Հանգուցեալ դկտ. Բալայեանն իր կեանքի ազնիւ գործունէութիւնը ծաւալեց մարդկային գիտութիւնների եւ դաստիարակութեան աստւածահաճոյ առաքելութեան ուղղում, դաստիարակելով հարիւրաւոր ուսանողներ:

Որպէս իրանահայ գիտնական, իր բեղուն ծառայութիւնն է մատուցել Իրանի ժամանակի գիտական ասպարէզում՝ թողնելով ծաւալուն ժառանգութիւն: Հանգուցեալը, որպէս Սպահանի համալսարանի դասախօս, հոգեբան, դոկտոր, եղել է բազում գիտական յօդւածների եւ գրքերի ու զանազան թարգմանութիւնների հեղինակ: 

Իր գիտական բարձր մակարդակով եւ դաստիարակչական հեղինակութեամբ ու կառավարման տաղանդով մեծ յարգանք էր վայելում թէ համալսարանական ուսանողների եւ թէ դասախօսական խաւի ու ղեկավարութեան շրջաններում, լինելով երկար տարիներ Սպահանի համալսարանի դաստիարակչական գիտութիւնների ֆակուլտետի տնօրէն եւ հետազօտութիւնների գիտական կենտրոնի բազմամեայ աշխուժ անդամ: Նա իր գիտական գործունէութեան բերումով արժանացել է պետական բարձրագոյն շքանշանով:

Համալսարանական աշխատանքից բացի, մասնակցութիւն է ցուցաբերել համայնքիս ազգային եւ հասարակական կեանքում՝ որպէս հայոց ազգային դպրոցների հայերէն առարկաների ուսուցիչ, նաեւ Հայագիտական Ամբիոնի դասախօս:

Երկար տարիներ եղել է հայոց ազգային դպրոցների հոգաբարձութեան կրթական եւ հոգեբանութեան խորհրդատու եւ կանոնաւոր կերպով կազմակերպել է ծնողական լսարաններ, որոնց ընթացքում նաեւ դասախօսել է, միեւնոյն ժամանակ դասախօսութիւնների է հրաւիրւել Սպահանի պետական պարսկալեզու դպրոցներում՝ որպէս դասախօս եւ հոգեբան:

Հանգուցեալի նիւթական ներդրումով հիմնադրւել է «Դկտ. Մեսրոպ Բալայեան մանկական հրատարակչական ֆոնդ»-ը, որից յատկացումներ է կատարւել հայերէն պատկերազարդ Այբուբենի ուսուցողական քարտերի, Յովհաննէս Թումանեանի՝ «Սասունցի Դաւիթ» գրքի (2001 թ.), Հայկ Հայրապետեանի հեղինակած՝ «Մանուկների հետ» (2004 թ.) եւ Գուրգէն Գաբրիէլեանի ստեղծագործած՝ «Մեր թեւաւոր բարեկամները» (2004 թ.) բանաստեղծութիւնների հրատարակութեան համար: 

Սգակիր ներկաներ,

Հանգուցեալն իր գիտական, դասախօսական, ազգային-հասարակական գործունէութիւնից բացի օժտւած էր մարդկային վեհ գաղափարներով: Իր համար մարդ անհատը համարւում էր որպէս ստեղծագործութեան խորհրդանիշ, նա ջերմօրէն հետամուտ էր մարդ անհատի ազատութիւններին եւ իրաւունքներին, խստօրէն պայքարում էր մարդկային իրաւունքների պաշտպանութեան գործում եւ մարդ անհատի շահագործման եւ կեղեքման դէմ:

Նա դէմ էր մարդկային եւ ազգային խտրականութիւններին: Նա ազգը համարում էր մարդկային զարգացման գագաթնակէտ եւ արժանի՝ ազատ եւ անկախ ապրելու, որի համար նա իր աշխուժ մասնակցութիւնն էր բերում հայ ժողովրդի ազատագրման գործին:

Նա որպէս Ցեղասպանութեան ենթարկւած ընտանիքի զաւակ, իր անվերապահ մասնակցութիւնն էր բերում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարին եւ այդ ծաւալուն աշխատանքի համար պարգեւատրւել էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Հայ Ասպետ» շքանշանով:

Վերջում յանուն Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի, մեր ցաւակցութիւնն ենք յայտնում հանգուցեալի զաւակներին, ազգական-բարեկամներին եւ Իրանի գիտական շրջանակին այս ցաւալի կորստի համար:

Սիրելի՛ դոկտոր, թէեւ դու ֆիզիքապէս հեռացար մեզանից, բայց քո գործն ու վաստակը յաւերժ կապրի մեր սրտերում:

Յարգա՛նք քեզ,

Հողը թեթեւ գայ քեզ վրայ:

 

8 ապրիլի 2013