Անցնող օրերին Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանն առանձնաբար հանդիպեց շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ թեմի Պատգամաւորական ժողովի անդամների հետ, իսկ այցելելով առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի տարբեր գրասենեակներ ու թանգարաններ, ծանօթացաւ նշւած հատւածների գործունէութեան եւ պաշտօնէութեան հետ։
Շրջանի Հայ Դատի յանձնախմբի հետ հանդիպումը կայացաւ ուրբաթ՝ յունւարի 23-ին, յանձնախմբի կենտրոնատեղիում։ Հանդիպումն ընթացաւ մտերմիկ եւ ջերմ մաղթանքներով ու խօսակցութեամբ, որտեղ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը բարի գալստեան խօսք ասելով Հայր Սուրբին, կարեւորութեամբ ընդգծեց համայն հայութեան ընդհանուր նպատակների շուրջ համախմբւելը որոնք են՝ հայրենիքի հողային ամբողջականութեան պաշտպանութիւնը, Հայ Դատի արդարացի լուծումը, հայոց եկեղեցու անսասան երթի ապահովումը եւ հայ ժողովրդի օր ըստ օրէ վերելքն ու զարգացումը։
Թեմի Պատգամաւորական ժողովի հետ հանդիպումը կայացաւ երկուշաբթի՝ յունւարի 26-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքում։ Այստեղ նոյնպէս բարի գալստեան մաղթանքներ ուղղւեցին Հայր Սուրբին, ապա Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը բացատրական խօսքով հանդէս եկաւ ժողովի կազմի եւ աշխատանքային ոլորտի կապակցութեամբ։ Հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը դրւատանքի խօսք ասելով ժողովականներին՝ նրանց գործունէութիւնը նմանեցրեց ընտանիքի հօրը, որը փորձում է լաւագոյն որոշումներ ու լուծումներ գտնի իր հարազատների համար։ Նա վերջում յաջողութիւն եւ բեղմնաւոր գործունէութիւն մաղթեց ներկաներին։
Թղթակից (Նոր Ջուղա)