Ս. Ծննդեան տօնի Ճրագալոյցի առիթով, երկուշաբթի՝ յունւարի 5-ի երեկոյեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում։ Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ Արարողութեանը ներկայ էին` թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչերը եւ ժողովուրդ։
Յատկանշելի է, որ Ճրագալոյցի Սուրբ Պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Մինաս» եւ «Ս. Աստւածածին» եկեղեցիներում։
Երեքշաբթի՝ յունւարի 6-ի առաւօտեան, Ս. Ծննդեան տօնի առթիւ, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Բեթղեհէմ» եւ «Ս. Յովհաննու» եկեղեցիներում։ «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Հայր Սուրբը։
Հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանն իր քարոզի սկզբում շնորհակալութիւն յայտնեց առ Բարձրեալն Աստւած, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի տնօրինութեամբ ստացել է Սպահանի հայոց թեմում իր առաքելութիւնը իրագործելու պարտականութիւնը. թեմ, որը յատկապէս աչքի է ընկնում իր ժողովրդի ջերմութեամբ, մշակոյթով ու պատմութեամբ։
 Նա իր խօսքի մի այլ բաժնում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերը փոխանցեց ժողովրդին, ապա իր տօնական մաղթանքներն ուղղեց եկեղեցականաց դասին, ազգային մարմիններին ու ժողովրդին։ Այնուհետեւ Հայր Սուրբն անդրադառնալով երեք մոգերի այցելութիւնը Յիսուս մանուկին Աւետարանական դրւագին՝ յորդորեց ներկաներին, թէ ինչպէս մոգերը վստահեցին Աստծուն, նրանք նոյնպէս վստահեն Բարձրեալին եւ վայելեն Նրա անսահման սէրը՝ առաւել յաջող եւ խաղաղ կեանք ապրելու համար։
Ս. Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Ջրօրհնէքի կարգ։
Նոյն օրը երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանի նախագահութեամբ կատարւեց Ջրօրհնէքի կարգ, որից յետոյ Հայր Սուրբն ու ազգային մարմինների ներկայացուցիչներն ընդունեցին ժողովրդի շնորհաւորանքներն ու տօնական մաղթանքները։
Նոր Ջուղայի արարողութիւններին ներկայ էին` Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ ու ժողովուրդ։

 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուանկարիչ` Միրօ Աւաննէսեան