Դեկտեմբերի 31-ի կէս գիշերին, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եկեղեցում, նախագահութեամբ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանի եւ մասնակցութեամբ թեմիս քահանայից ու դպրաց դասերի տեղի ունեցաւ Գոհաբանական աղօթք, որին ներկայ էին՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ ժողովուրդ: Աւարտին Հայր Սուրբը շնորհաւորանքի խօսքեր ու մաղթանքներ փոխանցեց ներկաներին:
Յաջորդ՝ օրը յունւարի 1-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, դարձեալ նախագահութեամբ հոգ. Հայր Սուրբի եւ ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց 2026 թւականի Ամանորի առիթով:
Արարողութեանը մասնակցում էին թեմիս քահանայից եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի:
Քարոզախօսութեան պահին պատարագիչ քահանայ հայրը շնորհաւորանքի խօսք ուղղելով Նոր տարւայ առիթով՝ խնդրեց առ Աստւած, որ Նոր տարւայ ընթացքում ուրախութիւն, երջանկութիւն եւ խաղաղութիւն պարգեւի բոլորին, իսկ մաղթեց՝ անսասան երթ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ուժ ու կորով եւ առաւել բեղմնաւոր գործունէութիւն ազգային մարմիններին: Աւարտին նա յատուկ շնորհաւորանքի մաղթանքներ ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառին:
Սուրբ եւ Անմահ Պատարագին ներկայ էին՝ թեմի ազգայիններն ու հոծ թւով ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)