Երեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգ. Տ. Արտաւազդ Շարոյեանն այցելեց Նոր Ջուղայի Հայոց ազգ. ծերանոց, որտեղ ջերմ հանդիպում ունեցաւ թէ՛ կենտրոնի տարեց բնակիչների ու անձնակազմի եւ թէ՛ ծերանոցի կառավարիչ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան հետ:
Հայր Սուրբին ընկերակցում էին Կրօնական խորհրդի անդամներ՝ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, Գուրգէն Թահմազեանը եւ Թեմական խորհրդի անդամուհի Ռայեա Խուդավերդեանը:
Սկզբում բարի գալստեան եւ շնորհակալական խօսք ասաց Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահ Լիդա Սիմոնեանը, որն ուղղւած էր Հայր Սուրբին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը՝ ծերանոցի բնակիչներին այցելելու առիթով, ապա հանդիպումը շարունակւեց ջերմ մթնոլորտի ներքոյ, ուր հնչեցին երգեր ու ասմունքներ, տօնական մաղթանքներ եւ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:
Խօսքերի շարանում Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը շնորհակալական խօսք ուղղեց հոգ. Տ. Արտաւազդ Շարոյեանին, առ այն, որ որպէս իր առաջին այցելութիւն ներկայ է գտնւել համայնքի ծերանոցում՝ տարեց բնակիչներին իր ողջոյնի խօսքը փոխանցելու համար:
Յաջորդիւ Հոգ. Տ. Արտաւազդ Շարոյեանն իր պատգամը փոխանցեց ներկաներին՝ ուրախութիւն յայտնելով ծերանոցում ներկայանալու եւ տարեց բնակիչներին հանդիպելու համար: Նա շեշտելով, որ տարեցները մեր կեանքի օրհնութիւնն են, աղօթեց Բարձրեալին, որ նրանց առողջ եւ երկար օրեր պարգեւի: Հայր Սուրբն իր պատգամի շարունակութեան մէջ բարձր գնահատեց Կանանց Գթութեան միութեան գործունէութիւնը նման կենտրոն հիմնադրելու եւ կառավարելու համար:
Վերջում Հայր Սուրբը հաղորդութիւն տւեց բոլոր ներկաներին:
Թղթակից (Նոր Ջուղա)