Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակի յոբելեանական միջոցառումների շարանում, միութեան Մշակութային միաւորի վարչութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ դեկտեմբերի 5-ի երեկոյեան, բեմականացւեց Աթաբէկ Խնկոյեանի «Մկների ժողովը»՝ Հայաստանի Հ. Իգիթեանի անւան գեղագիտութեան ազգային կենտրոնի «Մետրօ Թատրոն»-ի երաժշտական ներկայացմամբ: Թատերախմբի տնօրէնն է Կարէն Միրաքեանը, իսկ բեմադրիչ-ռեժիսորը՝ Սոնա Մարտիրոսեանը:
Խումբը Իրանում է գտնւում Համեդանում կայանալիք Մանկա-պատանեկան թատրոնի միջազգային փառատօնին մասնակցելու համար:
Թատրոնի իւրովի ու մասնագիտացւած մատուցումը եւ երգերի ու խօսքերի կենդանի եւ անթերի կատարումները, ինչպէս նաեւ ընթացքում օգտագործւող լոյսերի, ուլտրամանուշակագոյն ճառագայթի եւ ձայնային խաղերի գեղեցիկ համադրութիւնը, ոչ միայն հիացրեց հանդիսատեսին, այլեւ փաստեց, որ աւանդական ներկայացումների ու արդիական տեխնոլոգիայի միաձուլմամբ ծնունդ են առնում նման անզուգական կատարումներ:
Ներկայացման աւարտին խմբին ուղղւած շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Մշակութային միաւորի անդամ Արսինէ Մարգարեանը:
Հարկ է նշել, որ Իրան ժամանելու եւ Նոր Ջուղայում ներկայացումը բեմականացնելու համար՝ «Արարատ» միութեան հետ համագործակցել եւ խմբի պատախանատւութիւնը յանձն էր առել Ալբերտ Բեգիջանեանը:
Երեկոյին ներկայ էին՝ ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)