Կիրակի՝ սեպտեմբերի 21-ին, Ազգային առաջնորդարանում, կրօնական փոքրամասնութիւնների ժառանգութեան վկայականի տրամադրման գործընթացի վերաբերեալ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում։

Հանդիպմանը ներկայ էին՝ ԻԻԽ պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, Պատգ. ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը, Կրօնական խորհրդի ատենապետ եւ կազմի անդամ Զաւէն Սիմոնեանն ու Տէր Մեսրոպ աւ. Քհնյ. Գալստանեանը եւ իրաւաբան Ռազմիկ Մկրտչեանը, ինչպէս նաեւ յատուկ այս առիթով Թեհրանից Սպահան ժամանած Քաղաքացիական կացութեան գրանցման կազմակերպութեան իրաւական եւ խորհրդարանական հարցերի գրասենեակի գլխաւոր տնօրէն դոկտ. Քազեմին եւ Սպահան նահանգի քաղաքացիական կացութեան գրանցման հիմնարկի գլխաւոր տնօրէն Մոջթաբա Եքթամանէշը։

Հանդիպման ընթացքում դոկտ. Քազեմին նշեց, թէ ԻԻ խորհրդարանի որոշման համաձայն եւ ԻԻՀ հնգամեայ զարգացման եօթերորդ ծրագրի շրջագծում, ժառանգութեան վկայական տրամադրումը երկրի Դատական համակարգից (قوه قضائیه) յանձնարարւել է Քաղաքացիական կացութեան գրանցման կազմակերպութեանը։

Նա յաւելեց. «Գործընթացը կատարւելու է առցանց եւ էլեկտրոնային եղանակով, որը ներառում է հասարակութեան բոլոր շերտերը, այդ թւում՝ Իրանի կրօնական փոքրամասնութիւններին: Բոլոր վկայականները հիմնւած են կրօնների օրէնքի վրայ»:

Մոջթաբա Եքթամանէշը եւս իր հիմնարկի պատրաստակամութիւնը յայտնեց՝ այս փոփոխութեան ծիրում համագործակցելու եւ լուծումներ առաջարկելու Ազգային իշխանութեանը։

Հանդիպումը ծաւալւեց իրանահայութեան համար այս գործընթացը սահուն եւ անխոչընդոտ դարձնելու, պետական առցանց համակարգում հայերի ժառանգական իրաւունքի օրէնքը ներառելու եւ այս գործում Ազգային առաջնորդարանի անմիջական դերակատարութիւնն ապահովելու շուրջ քննարկումներով։ Իսկ նկատի առնելով, որ իրանահայ երեք թեմերի պատասխանատու կառոյցների միջոցով ընթացքի մէջ է դրւել Անձնական իրաւունքների օրէնքի վերանայման ու մշակման գործընթացը, որոշւեց այս կապակցութեամբ խորհրդակցել նաեւ Թեհրանի եւ Ատրպատականի հայոց թեմերի հետ։


ՍՀԹ Հանրային Կապի գրասենեակ