Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Պերսեպոլիսում կայացած Հայաստանի ազգ. ֆիլարմոնիկ նւագախմբի համերգը պատեհ առիթ համարելով՝ համադրաբար Շիրազի Հայ Համայնքի անդամների հետ, կիրակի՝ սեպտեմբերի 7-ի առաւօտեան, Շիրազի «Ս. Աստւածածին» եկեղեցու դռները բացեց այս առիթին մասնակից հայորդիների համար։
Այցելուների մաս էին կազմում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Իրանում ՀՀ դեսպանի կինն ու դեսպանատան մի քանի աշխատողներ, թեհրանահայ ազգայիններ եւ արւեստագէտներ, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի հայ համայնքից անդամներ։
Եկեղեցում համայնքի անդամ Անահիտ Այւազեանի բացատրութեամբ նրանք ծանօթացան շիրազահայութեան պատմութեանն ու եկեղեցու կառուցման եւ պահպանման մասին մի շարք տեղեկութիւններին:
Շիրազահայ համայնքը, փոքրաթիւ լինելով հանդերձ, մէկ ընտանիքի պէս մեծ ջանք է գործադրել՝ համայնքի կենսունակութիւնը պահպանելու, այդ թւում նաեւ «Ս. Աստւածածին» եկեղեցին խնամւած եւ բարեկարգ վիճակում պահելու համար։
Տեղեկացնում ենք, որ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը շուտով մեկնարկելու է այս եկեղեցու վերանորոգման աշխատանքը։ Բարեզարդման աշխատանքներն աւարտւելուն պէս, եկեղեցու դռները կը բացւեն զբօսաշրջիկների առջեւ:
Թղթակից (Նոր Ջուղա)