Հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, Շիրազի «Նառենջեստանէ Ղաւամ»-ում մեծարման երեկոյ կազմակերպւեց՝ Տպագրութեան արհեստի ազգային օրւայ առթիւ, որտեղ հրաւիրւել եւ ներկայ էին ոլորտի ժառանգորդ հանդիսացող հինաւուրց տպարանները, այդ թւում նաեւ Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանը՝ Նոր Ջուղայի «Ս. Ամենափրկիչ» վանքի տպարանը:
Ծրագրում Ֆարս նահանգի Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան գերատեսուչ պրն. Ռանջբառը անդրադառնալով տպագրութեան արհեստի պատմութեանը՝ մատնանշեց յատկապէս Շիրազի դերակատարութիւնը այս արհեստի զարգացման գործում:
Ծրագրում «Ս. Ամենափրկիչ» վանքի տպարանը ներկայացնող վանքի արխիւատան պատասխանատու Թովմա Գալստանեանն իր արտայայտութիւնների շրջագծում նշելով, որ հայերն ու Իրանի ժողովուրդը անասելի սէր են տածում իրենց մշակոյթի, լեզւի եւ տառերի նկատմամբ, անդրադարձ ունեցաւ երկրում տպագրութեան պատմութեանը եւ ընդգծեց այն փաստը, թէ Գութենբերգի միջոցով տպագրութեան գործիքի ստեղծումից 188 տարի անց, Սպահանի Նոր Ջուղայում Խաչատուր վրդ. Կեսարացու եւ նրա օգնականների ջանքերի շնորհիւ հիմնադրւեց ոչ միայն Իրանի, այլ նաեւ Միջին Արեւելքի առաջին տպարանը, որտեղ մինչեւ այսօր տպագրւում են գրքեր եւ այլ գրութիւններ:
Ծրագրի աւարտին մեծարւեցին այս բնագաւառում հիմնադիր հանդիսացող մի շարք տպարաններ, որոնց ներդրած հարուստ աւանդի շնորհիւ տպագրութեան արհեստը օրըստօրէ զարգացել եւ բարգաւաճել է: Մեծարւողների շարքում էր նաեւ Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդն ու «Ս. Ամենափրկիչ» վանքի տպարանը:
Թղթակից (Նոր Ջուղա)